6 մարտի 2006 - 13:20 AMT
Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի մշակման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը
Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես հայտարարեց հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Հայաստանն ընդգրկվեց այդ քաղաքականության շրջանակներում 2004 թվականի հունիսին Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի, նախնական փուլում ԵՄ-ն համոզված չէր, որ պետք է ծարգրում ընդգրկել հարավկովկասյան երկրները` տարածաշրջանում չլուծված հակամարտությունների առկայության պատճառով, սակայն մեկ տարի անց, Բրյուսելում եկան այն եզրակացության, որ առանց Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցության ծրագիրն անհնար կլինի իրագործել: ԵՄ ընդլայնումից հետո նրա սահմաններն էական փոփոխությունների ենթարկվեցին, որի կապակցությամբ անհրաժեշտություն առաջացավ ԵՄ նորաստեղծ սահմանամերձ գոտում կայունության, անվտանգության եւ բարգավաճման գոտի ստեղծել: Ըստ Եվրոպական հարեւանության քաղաքականության հեղինակների, դա կհեշտացնի ԵՄ երկխոսությունն ու գործակցությունը նոր հարեւանների հետ: «Հարկ է նշել, որ մասնակցությունն այս ծրագրին չի երաշխավորում Հայաստանի, կամ ծրագրի այլ մասնակցի մուտքը Եվրամիություն, սակայն չի փակում նաեւ մեր երկրի առջեւ միավորված Եվրոպայի դռները: Եվրաինտեգրումը եղել եւ մնում է մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, եւ մենք ձգտում ենք առավել սերտ համագործակցության եւ ինտեգրման ԵՄ-ի հետ»,-նշել է նա: Ըստ Ա.Բայբուրդյանի, Եվրոպական հարեւանության քաղաքականությունը Հայաստանին հնարավորություն է տալիս ինստիտուցիոնալ մուտք ունենալ Եվրամիության ներքին շուկա, ինչը ծրագրի կարեւոր բաղադրիչներից ու խթաններից մեկն է: Գործողությունների ծրագրի իրագործումը ենթադրում է քաղաքական եւ տնտեսական բարեփախումների խորացում Հայաստանում: Ակնկալվում է, որ ըստ ծրագրի դրույթների իրագործման, եվրոպական կողմը նորանոր հնարավորություններ կբացի հետագա առաջընթացի հասնելու համար: Հայաստանի ԱԳ փոխնախարարը դրական է գնահատել Գործողությունների ծրագրի մշակման վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը, որն անցել է 2005 թվականի նոյեմբերի 28-ին Երեւանում: Առաջին փուլը «շատ հաջող էր, շատ հարցերի շուրջ մենք մեր եվրոպական գործընկերների հետ եկանք ընդհանուր հայտարարի»: Լրացուցիչ քննարկում պահանջող մնացած հարցերը կքննարկվեն մարտի 6-ին Բրյուսելում: Մեր պատվիրակության կազմում էին նախագահի աշխատակազմի, Ազգային Ժողովի, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, արդարադատության եւ այլ նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հայտարարել է Արմեն Բայբուրդյանը: Նրա խոսքերով, ակնկալվում է, որ Գործողությունների ծրագրի հաջող իրագործումից հետո, ԵՄ-ն կառաջարկի նոր, ընդլայնված պայմանագիր համագործակցության եւ ինտեգրման մասին: Այդ փաստաթղթի ուրվագծերն արդեն շոշափելի են, սակայն դեռեւս վաղաժամ է դրա մասին խոսելը, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում: