6 մարտի 2006 - 15:02 AMT
Հարավային Կովկասում գլոբալիզացիան սուր բախման մեջ է մտել էթնիկ ինքնությունը կորցնելու սպառնալիքի հետ
Ստեփանակերտում շարունակվում են ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների որոնման գծով միջազգային կոնսորցիումի անդամների հանդիպումները: «Հաշտեցման ռեսուրսները» եւ «Միջազգային տագնապ» բրիտանական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ղարաբաղցի քաղաքագետների եւ փորձագետների հետ: Համաժողովին մասնակցել են վրացի իրավապաշտպան Պաատա Զաքարեշվիլին եւ ադրբեջանցի իրավապաշտպան Ավեզ Հասանովը: Բանավեճի թեման էր` «Հարավային Կովկասում տարածաշրջանային հակամարտությունների լուծման հնարավորությունը տարածաշրջանային ինտեգրման միջոցով»: Ըստ Պ.Զաքարեիշվիլու, Հարավային Կովկասում, չնայած մի շարք միավորող տարրերի, ժողովրդները եւ պետությունները երբեք չեն ձգտել միասնական պետության: «Նույնիսկ եթե դա տեղի է ունեցել, ապա միայն երրորդ երկրների կողմից ընդհանուր կայսերական սպառնալիքների առկայության դեպքում: Ներքին խնդիրների լուծման համար տարածաշրջանի երկրները դիմել են դաշնակիցների օգնությանը: Ընդ որում, այդ երկրներից յուրաքանչյուրն իր դաշնակիցներն ունի, ինչը հաճախ եւս հակասություններ է առաջացնում»,-ասել է նա: Իր հերթին, Ավեզ Հասանովը նշել է, որ տարածաշրջանի երկրները կարող էին համագործակցել մարդու իրավունքների, երիտասարդական քաղաքականության, մշակութային փոխանակման, նույնիսկ կրթության ոլորտներում: «Սակայն դրա համար յուրաքանչյուրը պետք է ինչ-որ բան փոխի իր մտածելակերպի մեջ` կարողանալու համար ընթանալ հակամարտությունից դեպի ինտեգրում»,-նկատել է ադրբեջանցի իրավապաշտպանը: Ինչպես նշել է Ղարաբաղի «Ավանդույթ» մշակութային կենտրոնի տնօրեն Վալերի Բալայանը, հնարավոր է, ինտեգրումը առավել հավանական դառնա ընդհանուր միավորող կառույցի առկայության դեպքում` ինչպես հայտնի է, Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը Եվրոպայի Խորհրդի անդամներ են եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության մասնակիցներ:

Ելույթ ունեցողների կարծիքով, Հարավային Կովկասում գլոբալացման գաղափարները սուր բախման մեջ են մտել էթնիկ ինքնությունը կորցնելու սպառնալիքի հետ: Ինչպես նշել է Ղարաբաղին մեկ համար նվիրած բրիտանական «Ակորդ» հանդեսի խմբագիր Լոուրենս Բրոերսը, ինքնիշխանության ձգտումը խանգարում է շատ ժողովրդների լուծել իրենց խնդիրները համաշխարհային գործընթացների համատեքստում: Ուղղակի պետք է կարողանալ գտնել այն ընդհանուրը, որը միավորում է բոլորին: Եվրամիության համար, օրինակ, ընդհանուր դարձան տնտեսությունն ու ազատական ժողովրդավարական արժեքները: Ըստ բանավեճի մասնակիցների, ճիշտ չի լինի մյուսների օրինակով ունիֆիկացիայի ենթարկել Հարավային Կովկասը: Միավորող գործոն կարող է դառնալ առկա բազմազանության պահպանումը: Բազմազանությունը Կովկասում ոչ միայն էթնիկ է եւ կրոնական, այլ նաեւ քաղաքակրթական: Մասնակիցներն ընդգծել են նաեւ, որ հակամարտությունների եւ պահպանվող մարտահրավերների պատճառներից մեկն է հանդիսանում դեմոգրաֆիկ էքսպանսիան ավտոխտոն ժողովրդների հանդեպ: Եվ քանի դեռ այդ վտանգը կա, մարդիկ կվախենան միմյանցից: Հանդիպման ժաման Ավեզ Հուսեյնովը ներկայացրեց նաեւ իր «Ղարաբաղը քննարկվում է» գիրքը, հաղորդում է Karabakh-onlaine-ը: