Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Պեկին:

Նույն օրը կայացավ Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վան Յիի հանդիպումը: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը դիտարկում է բարեկամ Հայաստանը որպես կարևոր գործընկեր ինչպես Կովկասում, այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության տարածաշրջանում։ Նա նշեց, որ Չինաստանի կառավարությունը մտադիր է շարունակել քայլերը Հայաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով իր չինացի գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս տարեցտարի առավել ընդգրկուն դարձող Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:

Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ 2010 թ. ՀՀ Նախագահի Չինաստան կատարած այցելությունից հետո երկկողմ փոխգործակցությունը որակական նոր փուլ է թևակոխել և երկու երկրների ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջին տարիներին տարբեր բնագավառներում հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ և արձանագրեցին, որ երկկողմ համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի։ Էդվարդ Նալբանդյանն ու Վան Յին անդրադարձան քաղաքական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, առևտրատնտեսական, մշակույթի և կրթության ոլորտներում կայուն զարգացում ապրող, արդյունավետ համագործակցությանը և նշեցին, որ առկա է երկուստեք ցանկություն առավել ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ՝ ընդգրկելով նորանոր բնագավառներ:

Երկուստեք ընդգծվեց, որ խորհրդարանական սերտ կապերը երկու երկրների միջև փոխգործակցության կարևոր օղակ են հանդիսանում։ Այս համատեքստում Չինաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ ԱԳ նախկին փոխնախարար Ֆու Ինը նշանակվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի չինական կողմի նախագահ։ Նախարարները կարևորեցին խորհրդարանական բարեկամության խմբերի փոխայցելությունների կազմակերպումը։

Ապակենտրոնացված համագործակցության խրախուսման առումով ընդգծվեց Երևանի և Պեկինի, Լոռու մարզի և Շանսի նահանգի միջև կապերի հաստատումն ու զարգացումը։

Կրթական փոխգործակցության ընդլայնման համատեքստում կարևորվեց Հայաստանի և Չինաստանի Նախագահների պայմանավորվածության համաձայն Երևանում չինական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի ԲՈւՀ-երում միմյանց ուսանողների ուսուցումը։ Առանձնացվեց Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը Հայաստանում:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանը Չինաստանի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի

դիրքորոշումը։ Չինաստանի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի այդ սկզբունքային մոտեցումը։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով նախարար Յին ներկայացրեց ասիական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինտեգրացիոն գործընթացները և դրանց վերաբերյալ Չինաստանի մոտեցումները։

Բանակցությունների ընթացքում Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանումը և այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարեցին հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանում չինական ներդրումների խրախուսմանը։

Արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Չինաստանի ԲՈւՀ-երում չինացի և հայ ուսանողների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---