6 մարտի 2006 - 17:03 AMT
Հայաստանը քայլեր է ձեռնարկում Վրաստանի հետ ռազմական համագործակցության ակտիվացման ուղղությամբ
Հայ-վրացական հարաբերությունները բխում են երկու երկրների ռազմավարական շահերից: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտագության ռազմավարական ուղենիշները» զեկույցում, որը զետեղվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում: Ըստ նախարարի, այդ հարաբերություններն ուղղված են տարածաշրջանային եւ եվրաինտեգրմանը, կայուն եւ հետեւողական զարգացմանն ու համագործակցությանը տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային եւ ռազմական ոլորտներում, ինչպես նաեւ այդ ոլորտները կանոնակարգող օրենսդրական դաշտի բարեփոխմանը: Զեկույցում նշվում է, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունները կարեւորվում են նաեւ փոխշահավետության տեսանկյունից, քանի որ երկու երկրների աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս տնտեսատրանսպորտային համագործակցությամբ ապահովելու Հայաստանի կապը Ռուսաստանի ու Եվրոպայի հետ եւ Վրաստանի կապը Իրանի ու Մերձավոր Արեւելքի հետ: Բացի այդ, թե' Հայաստանը, թե' Վրաստանը հանուն ազգային եւ տարածաշրջանային անվտանգության շահերի հանդես են գալիս տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման դիրքերից: Չնայած իրականացման ուղիների տարբերությանը, երկու երկրներն էլ նախընտրել են եվրաինտեգրման միջոցով զարգացման ուղին: Ռազմական բնագավառում երկու երկրների միջեւ գործնական համագործակցություն գրեթե չի իրականացվում: «Սակայն կողմերը գիտակցում են, որ ռազմավարական տեսանկյունից հայ-վրացական ռազմական համագործակցությունը նույնպես փոխշահավետ է»,-նշվում է զեկույցում: Այդ առիթով նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 2004 թ. կայացած վրաստանյան այցի ամփոփման ժամանակ պաշտոնապես հայտարարվել է, որ սկզբունքային փոխհամաձայնություն է ձեռք բերվել ռազմական կցորդների մակարդակով երկկողմ ռազմադիվանագիտական կապերի հաստատման հարցում: «Հայ-վրացական հարաբերությունները կարեւոր են ոչ միայն երկու երկրների համար, այլեւ հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության արդյունավետ ճարտարապետության ձեւավորման տեսանկյունից: Այս հարաբերությունները կարելի է գնահատել որպես Հարավային Կովկասում կայունության պահպանման կարեւոր գործոն»,-նշվում է փաստաթղթում: