6 մարտի 2006 - 17:42 AMT
ՀՀ ՊՆ. Դժվար է պատկերացնել միջնորդների ավելի լավ ձեւաչափ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն է
Հայ-ադրբեջանական հարաբերությունների բացակայության հիմքում Լեռնային Ղարաբաղի չկարգավորված զինված հակամարտությունն է: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտագության ռազմավարական ուղենիշները» զեկույցում, որը զետեղվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում: Ինչպես նշվում է փաստաթղթում, Լեռնային Ղարաբաղի խնդրի սառեցված բնույթը եւ դրա առնչությամբ Ադրբեջանի իրականացրած քաղաքականությունը համաչափ եւ անհամաչափ սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության ապահովման համար: Անմիջական ռազմական սպառնալիք է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության հասնելու միջոցով Ղարաբաղյան պրոբլեմն այդ եղանակով լուծելու ձգտումը: Այդպիսի քաղաքականությունը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգության միջավայրի ապակայունացմամբ: Բացի այդ, նշվում է զեկույցում, մշտական ռազմական սպառնալիքի առկայությունը խոչընդոտում է մեր պաշտպանական բնագավառում արմատական բարեփոխումների իրականացման գործընթացին եւ հանգեցնում սպառազինությունների մրցավազքի: Դեռ ավելին. այդ նպատակով Բաքուն ադրբեջանական ժողովրդի մեջ մշտապես սերմանում է ատելություն հայերի հանդեպ: Այդպիսի դիրքորոշումն անհարիր է եվրոպական արժեքային համակարգ կառուցող երկրին եւ ապացուցում է, որ քաղաքական շահերի հետամուտ ադրբեջանական իշխանությունների կողմից այդ սկզբունքների հռչակումը կրում է զուտ դեկլարատիվ բնույթ: Ուստի Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը ՀՀ Զինված ուժերից պահանջում է մշտապես լինել բարձր մարտական պատրաստականության վիճակում: ՀՀ Զինված ուժերի գլխավոր խնդիրներն են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական անվտանգության, սահմանների անձեռնմխելիության պահպանումը, ցանկացած ագրեսիայի հետմղումը:

Ինչպես ասվում է փաստաթղթում, հնարավոր վտանգ են ներկայացնում նաեւ Ադրբեջանի փորձերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից տեղափոխելու այլ հարթություն, մասնավորապես` ՄԱԿ, Եվրոպայի Խորհուրդ կամ ՆԱՏՕ: Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի քարոզչական մեքենայի ապատեղեկատվական գործունեությամբ, ինչը խնդրի էությանն անծանոթ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Բաքվին բերում է դրական միավորներ:

Մինսկի խումբը` ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, որը ներկայացնում է նաեւ Եվրոպական համայնքը, առավելագույն արդյունավետությամբ արտացոլում է տարածաշրջանային զարգացումներում որոշակի շահագրգռություն ունեցող ուժերի հարաբերակցությունը: Բացի այդ, երեք համանախագահ երկրներն էլ ծանրակշիռ դերակատարություն ունեն միջազգային հարաբերություններում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, եւ դժվար է պատկերացնել միջնորդական առավել պատշաճ ձեւաչափ: Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակներում, փոխզիջումային եւ խաղաղ կարգավորման միջոցով` ելնելով Ղարաբաղի հայության ֆիզիկական անվտանգության երաշխավորման պահանջներից, ինչպես նա- նրա կայուն ժողովրդավարական զարգացման համար անհրաժեշտ պայմաններից, ընդունելի համարելով կարգավորման միայն այն տարբերակները, որոնք կբխեն հետեւյալ երեք սկզբունքներից.

Ադրբեջանին Ղարաբաղի ենթակայության անհնարինություն:

Լեռնային Ղարաբաղի անկլավային գոյության անհնարինություն, ցամաքային սահմանի առկայություն Հայաստանի հետ եւ համաշխարհային առաջադեմ գործընթացներին Լեռնային Ղարաբաղի մասնակցության համար պայմանների ստեղծման միջազգային երաշխիքներ:

Պատերազմի չվերսկսման եւ Ղարաբաղի բնակչության անվտանգության միջազգային հստակ երաշխիքների անհրաժեշտություն:

Բոլոր հնարավոր փոխզիջումները պետք է կատարվեն այս սկզբունքների պահպանման շրջանակներում: