«Վճարում ենք 100 դրամ». Ակտիվիստները հրապարակել են նստացույցի վարքային կանոնները

«Վճարում ենք 100 դրամ». Ակտիվիստները հրապարակել են նստացույցի վարքային կանոնները

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի դիմաց երեկվանից նստացույց սկսած «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները հրապարակել են նստացույցի իրենց վարքային կանոնները` հորդորելով նստացույցի բոլոր մասնակիցներին հետևել դրանց: Կանոններն են. «Տարածքը պահում ենք մաքուր, աղբը թափում ենք հատկացված տեղերում, միմիայն հատկացված տեղերում:

Չենք տրվում սադրանքներին, մեզ պահում ենք զուսպ, կարգապահ, ժպտում ենք, հարգալից ենք միմյանց ու բոլորի հանդեպ: Բանավեճերի, խոսակցությունների չենք բռնվում ոստիկանության ներկայացուցիչների հետ: Շփումը կատարվում է միմիայն նրանց կողմից օրինական պահանջ ներկայացնելու դեպքում: Ոստիկանության հետ կապված հարցերի դեպքում միասին որոշում ենք, թե ով է բանակցելու նրանց հետ: Չենք խառնվում նրանց խոսակցությանը և խոսում են միայն նա, ով մեզ է փոխանցում արդյունքները:

Չենք վիճում, չենք կոպտում ոստիկաններին, խոսում ենք նրանց հետ հարգալից՝ դիմելով՝ «պարոն ոստիկան» արտահայտությամբ: Հիշում ենք, որ նստացույցն ունի իր պահանջները և բոլոր կոչերը, հայտարարությունները պետք է բխեն այդ պահանջներից: Նստացույցի մասնակիցները չեն օգտագործում ոգելից խմիչքներ, թմրանյութեր, մաքսիմում կարող են ծխել:

Նստացույցի ժամանակ փորձում ենք շարքերով կանգնել կամ նստել, այնպես, որ կարգապահ տեսք ունենանք ու հնարավոր չլինի սադրանքներ անել: Խմբվելու դեպքում թողնում ենք ազատ տարածքներ նկարահանումների համար»:

Երիտասարդները 7 կետից բաղկացած պահանջներ են առաջ քաշել` այդ թվում` վերջին օրերին ուղևորներին կրած վնասը փոխհատուցելու համար տրանսպորտի ուղեվարձը առաջիկա 5 օրերին պետք է դառնա 50 դրամ, պատասխանատվության ենթարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ անօրինական որոշում ընդունելու և տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու, այնուհետև ժամանակավոր կասեցնելու համար, անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---