6 մարտի 2006 - 18:45 AMT
Հայերն ու թուրքերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ փորձեն լույս սփռել 1915 թվականի իրադարձությունների վրա
Տարածաշրջանի երկրները կարող են ընդհանուր լեզու գտնել մշակույթների երկխոսության միջոցով: Այդ մասին ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են Հայաստանը, Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը ներկայացնող մասնակիցները: «Այն հարստությունը, որը կազմում է տարածաշրջանի մշակույթը, կօգնի մեզ ավելի լավ ճանաչել միմյանց: Մեր ժողովրդները համագործակցության շատ ոլորտներ ունեն` երաժշտություն, գրականություն, լուսանկարչական արվեստ»,-գտնում է Ուլրիկա Դուֆները, որը ներկայացնում է Ստամբուլի Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամը: Խոսելով ընդհանրությունների մասին, թուրք հյուրերը առանձնապես ընդգծեցին, որ իրենք ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ են եւ արտահայտում են իրենց անձնական կարծիքը հայ լրագրողներին հետագրքրող հարցերի վերաբերյալ: «Հայերը վառ, ինքնատիպ երաժշտություն ունեն: Սատմբուլում ես ուսումնասիրել եմ Կոմիտասի արվեստը, մենք հաճախ ենք կատարում Արամ Խաչատուրյանի ստեղծագործությունները: Արտո Թունջբոյաջյանը, որին դուք լավ գիտեք, նույնպես Ստամբուլից է»,-ասել է երաժիշտ Այչե Թութունջուն Ստամբուլից` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչու է ադրբեջանական կողմը պնդում, որ հայկական երաժշտությունը լիովին փոխառված է թուրքերից եւ ադրբեջանցիներից:

«Մենք այցելեցինք Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Բնական է, այդքան մարդկանց սպանությունը կարող է միայն ափսոսանք առաջացնել: Ես կածում եմ, որ հայերն ու թուրքերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ փորձեն լույս սփռել 1915 թվականի իրադարձությունների վրա»,-ասել է լուսանկարիչ Օզջան Յուրդալանը: Միեւնույն ժամանակ նա հերքել է վարկածն այն մասին, թե Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության համար նրան կարող են Թուրքիայում քրեական պատասխանատվության կանչել: «Ես այստեղ պետություն չեմ ներկայացնում, ես ընդամենը լուսանկարիչ եմ: Որքան գիտեմ, մեր պատվիրակությունը առաջինը չէ, որ այցելում է Ծիծեռնակաբերդ»,-նկատել է Յուրդալանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:

Նշենք, որ «Կովկասյան ժողովուրդներ` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ժողովրդները միմյանց աչքերով» թեմայով սեմինարը կայացել է «Թուրքիա-Հյուսիսային-Կովկաս նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, որն անցկացնում են Հենրիխ Բյոլ հիմնադրամի Ստամբուլի եւ Թբիլիսիի գրասենյակները` Երեւանի Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի աջակցությամբ: Երեւանի սեմինարի մասնակիցների թվում էին` Քուբիլայ Օզմենը Ստամբուլի «Անատոլիայի մշակույթը» կազմակերպությունից, երաժիշտ Այշե Թութունջուն , լուսանկարիչ Օզջան Յուրդալանը, Հենրիխ Բյոլի հիմնադրամի Ստամբուլի գրասենյակի տնօրեն Ուլրիկե Դուֆները, Դիարբեքիրի կանանց կազմակերպության ներկայացուցիչ Նաիմե Քարդաշը, Հենրիխ Բյոլի հիմնադրամի Թբիլիսի գրասենյակի ծրագրերի համակարգող Նինո Լեժավան, Վրաստանի կինոյի կենտրոնի պատմաբան Լաշա Բակրաձեն, հայ պատմաբաններ եւ լրագրողներ, ինչպես նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ների եւ ՈԿԿ-ի ներկայացուցիչներ: Ինչպես ասաց ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, սեմինարի նպատակն էր գտնել Կովկասյան մշակութային փառատոնի համար համատեղ մշակութային ծրագրեր կազմակերպելու ուղիներ: