Տեղաշարժման մատչելիության մոնիթորինգ-ակցիա Օղակաձև զբոսայգում

Տեղաշարժման մատչելիության մոնիթորինգ-ակցիա Օղակաձև զբոսայգում

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի օղակաձև զբոսայգում անցկացվել է տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար այգու մատչելիության մոնիթորինգ-ակցիա: Ակցիան իրականացվում էր «Հայկական ճամբար» ՀԿ-ի աջակցությամբ կողմից «Մատչելի քաղաք» ծրագրի շրջանակում, որի նպատակն է Երևան քաղաքի մատչելիության խնդրով մտահոգ քաղաքացիների մասնակցությամբ քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել Օղակաձև այգին տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց համար մատչելի դարձնելու խնդրին:

Մոնիթորինգը գործնական բնույթ ուներ` սկսելով Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտակայքից՝ մասնակիցները շրջեցին այգու ողջ տարածքում և մատչելիությունը սահմանափակող հատվածներում թողեցին այդ մասին տեղեկացնող պաստառներ:

Ակցիային մասնակցում էին հաշմանդամություն ունեցող, անվասայլակից օգտվող անձիք, հաշմանդամ երեխաների ծնողներ, հեծանվորդներ, մանկասայլակով ծնողներ և պարզապես Երևան քաղաքի մատչելիության խնդրով մտահոգ ակտիվ քաղաքացիներ:

Կազմակերպիչների խոսքերով՝ մոնիթորինգի համար ընտրվել է հատկապես Օղակաձև զբոսայգին, որովհետև այն մայրաքաղաքի ամենամեծ ու բազմաշերտ այգին է, ինչը հնարավորություն է տալիս միանգամից բարձրացնելու տղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց ամեն օր անհանգստացնող հարցերի հիմնական մասը:

Մասնակիցներից յուրաքանչյուրը արդեն ակցիայի վերջում ընդհանուր գնահատական տվեց այգու մատչելության վերաբերյալ, սակայն մոնիթորինգի ամբողջական ամփոփման տվյալների և դրանց համաձայն նախատեսվող գործողությունների մասին կազմակերպիչները կտեղեկացնեն ավելի ուշ: Իսկ մինչ այդ մատչելիության խնդիրների մասին անցորդներին կհիշեցնեն մասնակիցների կողմից այգում ամրացված պաստառները:

«Հատկապես սայլակով տեղաշարժվող մարդկանց համար Օղակաձև զբոսայգում շրջելը նման է էքստրեմալ սպորտով զբաղվելու»,- ասել է անվասայլակով տեղաշարժվող Արման Մուշեղյանը և ավելացրեկ` Օղակաձև զբոսայգին ներկայացնում է ողջ քաղաքի պատկերը. այստեղ էլ ինչպես Երևանում, եթե ինչ-որ բան արված է, ապա միայն կենտրոնական հատվածներում, իսկ ծայրամասերում բացիթողի վիճակ է:

Առաջիկայում կազմակերպիչները կամփոփեն մոնիթորինգի արդյունքներն ու կմշակեն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների պլան: Հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատող կազմակերպությունը շեշտում է, որ մատչելիության սահմանափակումը միայն հաշմանդամություն ունեցողներին առնչվող հարց չէ: Նույն խնդրին են բախվում նաև հեծանվորդները, մանկասայլակով կամ փոքրիկ հեծանվներով իրենց փոքրիկներին զբոսանքի հանած ծնողներն ու այլ սոցիալական խմբեր, մարդիկ, որոնց փոխարեն ցանկացած պահի կարող ենք հայտնվել մենք և մեր հարազատները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---