Քաղաքապետարանը ջանք չի խնայում ապացուցելու՝ «100 դրամով անհնար է»

Քաղաքապետարանը ջանք չի խնայում ապացուցելու՝ «100 դրամով անհնար է»

PanARMENIAN.Net - «100 դրամը ձեր քթերից կբերենք». քաղաքապետի կասեցնող որոշումից հետո քաղաքապետարանի հայտարարությունների, մամուլի հաղորդագրությունների ենթատեքստում նույնիսկ ակնհայտ այս միտքն է:

«Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել: Այսկերպ մենք չենք կարողանա թարմացնել շարժակազմը և ապահովել բոլոր այն պահանջները, որոնք այս տարիների ընթացքում եղել են մեր բնակիչների կողմից տրանսպորտի ոլորտի կանոնակարգման և զարգացման հարցում: Այս սակագնով դրան հասնելը անհնար էր»,- ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքապետը, նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքապետն այս տեքստով միանգամից նապաստակների մի ամբողջ տոհմ է խփում` արդարացնում է նախկինում չարված աշխատանքը, տեղեկացնում է, որ դարձյալ ոչինչ չի արվելու քանի դեռ չենք վճարում 150 դրամ, զգուշացնում է, որ եթե երիտասարդները պնդեն դեռ ամեն ինչ էլ ավելի է վատանալու:

Քաղաքապետարանի մամուլի ծառայության երեկ տարածած մեկ այլ հաղորդագրության մեջ նշված է. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ու տնտեսվարողներին հորդորել է սպասարկումն իրականացնել պատշաճ մակարդակով»:

Այս հանձնարարականի ասելիքն էլ իրականում ավելի քան պարզ է: Տրանսպորտի առանց այն էլ ոչ պատշաճ մակարդակը, որ քաղաքապետն էլ ընդում է (իր խոսքով անհնար է քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ 100 դրամով), հիմա ավելի է սրվել: Դուք էլ նկատած կլինեք, որ 100 դրամին վերադառնալուց հետո քաղաքային տրանսպորտն արդեն 2 ոտքով է կաղում: Առնվազն իմ մշտական երթուղում:

Վերջին կանգառից եմ շարժվում ու վարորդներին, նրանց վերահսկողին քիչ թե շատ գիտեմ: Բացառվում է, որ երիտասարդ վերահսկողը թողներ իր պապիկի տարիքի վարորդը բերանի պատառը ծամեր, նոր գիծ մտներ, իսկ երեկ ու այսօր 15 րոպե սպասում ենք`ոչ մի մեքենա չկա: Երեկ մեկը եկավ, վերահսկողը վարորդին տեղեկացրեց, որ «գծում արդեն 10 րոպեից ավելի մեքենա չկա», ու իրեն էլ ինչ-որ մեկը հարցրել է: Թույլ տվեց, որ գնա՝ պարզի ով է, ինչ է. «Մի քիչ ուշ կմտնես գիծ, ինչա եղել որ»:

Այնպես որ, արդեն սկսել են մեզ ապացուցել, որ 100 դրամով չի լինի. կարծես, քաղաքապետարանի դիմաց երիտարդների ցույցերը, ակցիաները տեսնելով, քաղաքապետը որոշել է. «կգաք, կխնդրեք, որ 150 լինի»:

Հիմա երիտասարդները պետք է առավել, քան նախորդ օրերին, միասնական ու կազմակերպված լինեն: Եվ սա առաջին խնդիրն է, որը պետք է լուծել:

Անի Ավետյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---