7 մարտի 2006 - 19:49 AMT
ՀՀ վարչապետը շնորհավորել է հայ կանանց մարտի 8-ի կապակցությամբ
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառյությունը: Ուղերձում մասնավորապես ասվում է,«Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց տոնի առթիվ: Այս գեղեցիկ տոնը եւս մեկ հրաշալի առիթ է մեր երախտագիտության ու սիրո, ակնածանքի եւ գնահատանքի խոսքերն ողղելու ձեզ` ձեր նվիրումի եւ հոգատարության, անսպառ բարության, համբերության, ձեր ոգեշնչող ներկայության համար:
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, անուրանալի է ձեր ավանդը մեր ընտանիքների ամրության, սերունդների կրթության եւ ազգային արժեքների ոգով դաստիարակության գործում: Ձեր ազգանվեր առաքելությանը հավատարիմ, դուք նկատելի մասնակցություն եք ցուցաբերում նաեւ մեր անկախ պետականության կայացմանը` նշանակալից ներդրում ունենալով մեր պետության հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր բնագավառներում: Մաղթում եմ բոլորիդ առողջություն, անսահման սեր ու երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ գարնանային բարձր տրամադրություն»: