Գարեգին Բ անձամբ է շնորհավորել Ռուսաստանի նորանշանակ դեսպանին

Գարեգին Բ անձամբ է շնորհավորել Ռուսաստանի նորանշանակ դեսպանին

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Ռուսաստանի դեսպանին նշանակման առիթով` իր աղոթքն ու բարեմաղթանքները բերելով նրա առաքելության հաջող իրականացման և արդյունավորման համար:

Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերություններին` ուրախությամբ արձանագրելով, որ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում իր կարևոր ներդրումն ունի նաև Հայոց Եկեղեցին:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց տարբեր բնագավառներում հարաբերությունների առավել սերտացումը, ապա անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերություններին և Ռուսաստանի հայկական համայնքի հոգևոր կյանքին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---