30 հուլիսի 2013 - 23:57 AMT
ԿԱՐԾԻՔ
Յուրաքանչյուր լսարան արժանի է իր ունեցած լրատվականներին

«Մարկ Սաղաթելյանը մահացել է»․ այս «լուրը» մի քանի ժամ առաջ ցնցեց սոցիալական մեդիան, ավելի շուտ՝ նրանց, ովքեր ոչ միայն կուլ տվեցին չհաստատված լուրի խայծը, այլև իրենց պարտքը համարեցին կիսվել «տեղեկությամբ» իրենց էջում՝ վայրկյանական ապատեղեկատվություն տարածելով։ Մի կողմ դնենք որոշ լրատվականների՝ էժանագին սենսացիայի հետևից վազելու փաստը, այնքան էժանագին, որ դրա մասին անգամ խոսել չարժի։ Րոպեներ անց, երբ վերջապես լրատվականներին (դժվարությամբ) հաջողվեց կապնվել «Նաիրի» բժշկական կենտրոն, բոլորը՝ այդ թվում նաև «սենսացիայով» կիսվողները, սկսեցին սովորությանը համաձայն ցեխ շպրտել չճշտված տեղեկություն տարածող լրատվականների վրա՝ միանգամից մոռանալով, որ քիչ առաջ իրենք էլ այդ նույն ինֆորմացիան տարածողներից էին։ Ժամեր անց նույն սոցիալական կայքերում սկսեցին սուր քննադատություններ հնչել հայկական լրատվական դաշտի դեգրադացման մասին, թե ուր են հասել «անսիրտ» մեդիաները, որոնք ռեյթինգի բարձրացման համար պատրաստ են գրել ամեն ինչ։

Իսկ հիմա հարց․ ո՞վ էր իրական մեղավորը, որ հաշված վայրկյանների ընթացքում բոլորը սկսեցին գրել նույն բանը` «Մարկ Սաղաթելյանը մահացել է»։ Գրեթե չկարդացվող մեդիանե՞րը, որտեղ այլ հանգամանքներում շատերն անգամ չէին էլ մտնի։ Հավատացեք, մեղավորը ոչ այնքան էժանագին սենսացիաների ու ռեյթինգի հետևից վազող «լրատվականներն» էին, ինչքան այն ընթերցողները, որոնք մշտապես գոռում են հայկական լրատվական դաշտի դեգրադացման ու «դեղինության» մասին, բայց այս դեպքերում սկսեցին ակտիվորեն «շեյր անել» ու տարածել ապատեղեկատվությունը։

Մեղավորը նրանք էին, ովքեր վայրկյանական մոռացան, որ, կարծես, կան կայքեր, որոնց նրանք, այնուամենայնիվ, վստահում են ճիշտ տեղեկատվություն տրամադրելու հարցում ու, երևի, պետք էր մտնել ու այնտեղ փնտրել որևէ տեղեկություն, կամ գոնե փոքր-ինչ սպասել, մինչև նրանք կկարողանան ճշտել՝ կա՞ արդյոք նման բան, թե՝ ոչ։

Ու պետք չէ բողոքել, որ այն լրատվականները, որոնց հավատում եք, արագ չեն արձագանքում ու չեն կարողանում վայրկյանական հերքել տարածված ապատեղեկատվությունը, քանի որ նման դեպքերում մոտակա րոպեների ընթացքում տեղեկություն ստանալը դառնում է գրեթե անհնարին՝ միանգամից լռում են բոլոր հեռախոսները, իսկ պաշտոնական տեղեկատվության մասին կարելի է առհասարակ չխոսել․․․

Մանե Եփրեմյան / PanARMENIAN News