31 հուլիսի 2013 - 12:19 AMT
Վերանորոգվում են մայրաքաղաքի վթարավտանգ շքապատշգամբները

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2013 թվականի ծրագրի շրջանակում իրականացվում են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգման անհրաժեշտություն ունեցող հաշվառված պատշգամբներից այս տարվա ծրագրով առաջնահերթ վերանորոգվում է առավել վթարավտանգ 76 շքապատշգամբ:

Շքապատշգամբների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից նախապես մշակված նախագծերի հիման վրա` պահպանելով երևանյան շենքերին համահունչ ընդհանուր ճարտարապետական տեսքն ու դիմագիծը:

Ծրագիրը շարունակական է և վերանորոգման կարիք ունեցող հաշվառված բոլոր շքապատշգամբները վերանորոգվելու են: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ պատշգամբները բնակիչների սեփականությունն են և դրանց հետ կապված խնդիրների լուծումը սեփականատերը և համատիրությունները պետք է հոգան, սակայն, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ծրագիրը կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում: