31 հուլիսի 2013 - 16:10 AMT
Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ. Բամբասանք է, թե մենք գործ չենք անում

Արհմիությունների կոնֆեդերացիան աշխատում է, մասնակցում վերջին շրջանի բողոքի ակցիաներին` մի քանի հայտարարություն է տարածել, Կառավարության շենքի դիմաց կազմակերպված ցույցերին է միացել: Կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այսօր ասուլիսի ժամանակ կոնֆեդերացիայի նախագահության անդամ Կառլեն Հարությունյանի խոսքերն այն մասին, որ կառույցը չի աշխատում, չի միանում բողոքի ակցիաներին, իսկ նախագահը Կառավարության նիստերի ժամանակ ոչ մի խնդիր չի բարձրաձայնում:

«Կառավարության, օրենսդիր մարմնի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մենք սերտ գործակցում ենք, ծրագրեր իրականացնում, որևէ նախագիծ մշակելիս մեզ միշտ հրավիրում են, լսում մեր կարծիքը», - ասաց Էդուարդ Թումասյանը:

Նա իր ղեկավարած կառույցի աշխատանքի որակը գնահատեց բավարար.«Հնարավոր է, իհարկե, ավելին անել, բայց դա կախված է իշխանությունից. միայն այն դեպքում, եթե պետությունը մեզ հետ հաշվի նստի կարևոր հարցերի շուրջ»:

Կառլեն Հարությունյանի և նրա հայտարարությունների մասին Էդուարդ Թումասյանն ավելացրեց.«Գործից անտեղյակ մարդ է, բամբասանք է տարածում»:

Արհմիությունների աշխատանքի որակի մասին ճիշտ հակառակ կարծիքն է արտահայտել ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հունիսին ԱԺ կազմակերպած «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով լսումների ժամանակ: Նրա զեկույցում գնահատականներով խիստ էին` Հայաստանում արհեստակցական միությունները գործում են վիրտուալ աշխարհում, թղթի վրա, չեն ուզում կամ չեն կարողանում պաշտպանել աշխատողների իրավունքներն ու շահերը: Փաստում են ՄԻՊ գրասենյակի ստացած բազմաթիվ բողոքներն ու դիմումները:

Իսկ ոլորտի չկայացման պատճառն օրենսդրությունը չէ, այլ հանրային գիտակցությունը, ստվերային տնտեսության առկայությունը, արդարության նկատմամբ վստահության և իրավական գիտելիքների պակասը: Ոլորտի չկայացման պատճառներից մեկն էլ ըստ Կարեն Անդրեասյանի` արհմիությունների կախվածությունն է գործատուներից: