31 հուլիսի 2013 - 17:28 AMT
Քաղաքապետարանը Երևանի գրադարանները համալրում է նորատիպ գրքերով

Այս օրերին 193 անուն 8700 կտոր գիրք է քաղաքապետարանը բաշխում Երևանի գրադարաններին, երաժշտական և արվեստի դպրոցներին։

«Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարին ամփոփելիս քաղաքապետը խոստացավ շարունակական դարձնել տարվա շրջանակում կազմված ծրագրերից շատերը։ Այսօր քաղաքապետարանը շարունակում է իր ուշադրության տակ պահել գրադարանները, գրադարանային խնդիրները, այդ թվում նաև՝ գրաֆոնդի համալրումը։

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս օրերին իսկապես անհրաժեշտ գրականություն է բաշխվում մեր գրադարաններին։ Նոր գրքերը վերջին տարիներին պետպատվերով հրատարակված գրականություն են, և, վստահ եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնեն ընթերցողների շրջանում»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գրքերի խմբաքանակում ներառված է մասնագիտական և գեղարվեստական գրականություն, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունների վերահրատարակումներ, ինչպես նաև ժամանակակից հեղինակների նորատիպներ, գեղանկարիչների ալբոմներ, պատմագիտական գրականություն, հեքիաթներ և այլն։

Գրադարանները նոր գրքերը ստանում են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության և Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի պայմանավորվածության հիման վրա։