31 հուլիսի 2013 - 17:49 AMT
«Նախախորհրդարանը» Երևանի և մարզերի քաղաքացիական ակտիվին զգոնության կոչ է անում

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում Երևանի և մարզերի քաղաքացիական ակտիվին զգոնության կոչ է անում և հորդորում պատրաստ լինել համարժեք դիմադրություն ցույց տալու ցանկացած քաղաքում տրանսպորտի թանկացման քայլերին:

«Հանրապետության տարբեր քաղաքներից, այդ թվում` Ստեփանակերտից, լուրեր են ստացվում, որ հանցավոր վարչախումբը չի հրաժարվում ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման իր ծրագրից: Փաստորեն, վարչախումբը փոխել է իր մարտավարությունը: Սկզբում նա ծրագրել էր նախ Երևանում թանկացնել ավտոտրանսպորտի վարձավճարը, իսկ դրանից հետո առանց դիմադրության նույնն անել մյուս քաղաքներում: Սակայն Երևանում հանդիպելով քաղաքացիական ակտիվի աննախադեպ դիմադրությանը, նա որոշել է ժամանակավոր նահանջ կատարել և իր կամքը առանձին-առանձին պարտադրել քաղաքացիական ակտիվի համեմատաբար ավելի քիչ ռեսուրս ունեցող փոքր քաղաքներին, իսկ այնուհետև կատարված փաստի առաջ կանգնեցնել մայրաքաղաքի ժողովրդին ու փորձել իր ամբողջ ռեսուրսի կիրառման միջոցով հաստատել նախատեսվող վարձավճարը: Վստահ ենք, որ հանրապետության մյուս քաղաքներում ևս ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման քայլերը հանդիպելու են քաղաքացիական ակտիվի, ապա նաև` բնակչության մեծ մասի գործուն դիմադրությանը: Ակնհայտ է, որ երկրում տիրող համակարգային ճգնաժամի պայմաններում իրադարձությունների զարգացումը դուրս է գալու դիտարկվող հարցի ու տվյալ քաղաքների տարածքների շրջանակներից և աստիճանաբար վերածվելու է համակարգային հարցադրումներ հետապնդող համաժողովրդական ընդվզման ալիքի` այդտեղից բխող հետևանքներով հանդերձ:

Մենք նաև զգոնության կոչ ենք անում Երևանի և հանրապետության մարզերի քաղաքացիական ակտիվին, առաջին հերթին` երիտասարդությանը, և հորդորում ենք պատրաստ լինել համարժեք դիմադրություն ցույց տալու ցանկացած քաղաքում ավտոտրանսպորտի թանկացման քայլերին: Համոզված ենք, որ իր երկրին ու ճակատագրին տեր կանգնող ժողովուրդն այս հարցում նույնպես հասնելու է իր նպատակին` ևս մեկ քայլով մոտեցնելով մեր արժանապատվության և իրավունքների համար մղվող համընդհանուր պայքարի հաղթական ավարտը», - նշված է հայտարարության մեջ: