
Վերջերս Քաշաթաղի շրջանում հայտնաբերվել են մինչ օրս անհայտ ամրոցներ, որոնք karabakh-open.info-ին շարունակում է ներկայացնել հնագետ Գագիկ Սարգսյանը:
Ամրոց «Սպիտակաջուրը» գտնվում է Սպիտակաջուր գյուղի հյուսիսային եզրի, Հոչանց գետի անդնդախոր կիրճի վրա կախվող արևելքից արևմուտք ձգվածությամբ երկարավուն բլրի վրա: Բլուրը երեք մատչելի կողմերից ամրացված է կիկլոպյան շարվածքով դրված պարիսպներով: Միջնաբերդը նստած է եղել բլրի արևելյան համեմատաբար բարձրադիր եզրին և առանձին պարսպագծով անջատվում էր հիմնական ամրոցից: Ինչպես բուն ամրոցում, այնպես էլ միջնաբերդի ներսում ուրվագծվում են խոշոր քարերով դրված պատերի ու շինությունների հետքեր, պատաշարերով փակվող ընդարձակ տարածություններ: Ամրոցը շատ վատ է պահպանվել, քանի որ միջնադարում նրա վրա գոյացել է բնակատեղի՝ գյուղատեղի:
Ավելի մեծ ավերվածություններ են հասցրել հուշարձանին խորհրդային շրջանում ամրոցի ներսում տրակտորներով կատարված հարթեցումները: Միջնադարյան բոլոր շինությունները կառուցվել են կրաշաղախով հին՝ բրոնզեդարյան ամրոցի պարիսպների քարերից, կոտրատելով, փոքրացնելով այն: Ուստի բրոնզեդարյան ամրոցի պատերը երևում են հատվածաբար, լավագույն դեպքում մեկ-երկու շարք բարձրությամբ: Միջնադարյան գյուղատեղին օգտագործել է հին պատերն ու պարիսպները, կցելով նրանց ավելի փոքր քարերից շարված պատեր ու սենյակներ: Ամրոցանիստ բլրի հարավային պարսպագծի մոտ նկատվում է եզրագծի ժայռագիծը դարպասի նման բացված հատված, որի ներսում փոքր քարերով շարված է մի մեծ, հավանաբար, հասարակական շինություն, իսկ դրսում՝ հենապատերով ամրացված արհեստական հրապարակ: Միջնաբերդում այսօր էլ երևում են երկու՝ մոտ 2 մ խորությամբ ու 1.5 մ տրամագծով միջնադարյան տնտեսական հորեր: Ամրոցում հնագիտական գտածոներ չեն հայտնաբերվել, ուստի ժամանակագրությունը հենվում է շինտեխնիկայի վրա:
Ամրացված փարախներ «Միջանցքը»: «Միջանցք» պայմանական անվանմամբ կոչել են մարդու կողմից ամրացված այն ժայռային կազմավորումները, որ գտնվում են Եզնագոմեր գյուղից 4 կմ արևմուտք, Եզնագոմերի ամրոցից 3.1 կմ հյուսիս-արևմուտք, սելավատարերով կտրատված անտառազուրկ ալպյան մարգագետիներում: Վերջինս ժայռագծի գագաթի երկատված բնական կազմավորում է, որը երկրակեղևի մակերեսում արտահայտվում է միմյանց զուգահեռ գնացող երկարաձիգ, մինչև 3-4 մ բարձրությամբ մնացած ժայռագծերով: Նրանք քայքայվելով վերածվել են իրարից 15-30 մ հեռավորությամբ զուգահեռ թափված քարակույտերի: «Միջանցքը» ոլորաններով գնում է մոտ 0,5 կմ, տեղ-տեղ կտրվելով սելավատարներով: Իր ընթացքի ամբողջ երկարությամբ նրա երկայնական եզրագծերը ամրացված են ակնհայտորեն ձեռակերտ, չոր շարվածքով դրված կիկլոպյան շարք հիշեցնող պարիսպներով, որոնք ունեն դեպի դուրս բացվող, երկու կողմերից պատերով ուղղորդվող մուտքեր: «Միջանցքի» ընդլայնական եզրագծերը փակված են, իսկ ներսի, ներփակ, տարածությունը նմանատիպ շարվածքներով բաժանվում է մի քանի առանձնացված հատվածների՝ կազմելով բազմասեկցիոն պաշտպանված կառույցներ: Շրջակայքում տարածվում է ընդարձակ, ըստ ամենայնի՝ տոհմական դամբարանադաշտը՝ բաղկացած բարձունքին դրված մեծ դամբարանաբլուրներից, որի շուրջը խմբավորված են փոքր, կրոմլեխներով փակվող թաղումներ: «Միջանցքի» և «Եզնագոմերի» ամրոցի միջև գնում է մոտ 2 կմ երկարությամբ, բլուրների ջրբաժան գծերով, նույն՝ կիկլոպյան շարվածքով կառուցված քարե ցանկապատը, որին կցված են բազմաթիվ կլորացող, ուղղանկյուն, տձև պատաշարեր: Նկարագրված կառույցները, ակնհայտորեն, յայլաղային անասնապահական կենսակերպ ունեցողների մշակույթ է: Կառուցման տեխնիկան նմանվում է Եզնագոմերի ամրոցին և, ըստ ամենայնի, ժամանակակից է նրան: Պարսպապատված «Միջանցքը» կարող էր հանդիսանալ կենտրոնական մայր ամրոցի /Եզնագոմեր/ մատույցներում կազմակերպված հեռադիր պաշտպանված անասնափարախը: