8 մարտի 2006 - 15:45 AMT
Իրաքի հայերը նամակներ են ստանում մոջահեդներին տուրք վճարելու պահանջով
Բաղդադաի փողոցներից մեկում կատարված ահաբեկչական գործողության արդյունքում անցած շաբաթ ծանր վնասվածքներ են ստացել Ռիտա Մարգարյանը եւ Սեդա Քասարջյանը: Կանայք գտնվելիս են եղել Բաղդադի շուկաներից մեկում, երբ հնչել է պայթյունը: Ռիտա Մարգարյանը ծանր վիրավորվել է եւ այժմ գտնվում է հիվանդանոցում: Իրաքի հայ համայնքը, որը հասնում է 16-17 հազար մարդու, ինչպես եւ երկրի ողջ բնակչությունը, տուժեց 2003 թվականին սկսված պատերազմից: Բացի նյութական վնասից, զոհվել է 18 հայ, որոնցի 5-ը` ռազմական գործողությունների ժամանակ, 1-ը` ամերիկացի զինվորի կրակոցից, իսկ մյուսները` ահաբեկչական գործողությունների ժամանակ, որոնք կատարվել են եկեղեցիներում եւ հասարակական այլ վայրերում: 2004 թվականին Մոսուլ քաղաքում ահաբեկիչները պայթեցրել էին հայկական եկեղեցին: Անհայտ է 6 ամիս առաջ գերված Վահե Վարդանյանի եւ Արա Բուշյանի ճակատագրերը: Առաջինը գործարար էր, երկրորդը` ոսկերիչ, որն աշխատում էի ամերիկացիների պաշտպանության տակ գտնվող «կանաչ գոտում»: Հայ բժիշկ Հարություն Բաբլանյանի մեքենան կանգնեցրել են ոստիկանական համազգեստով մարդիկ: Բժշկին պատանդ են վերցրել: Միայն 75 հազար դոլար վճարելով հնարավոր եղավ փրկել նրան: Նման դեպքերը Իրաքում շատ են: Պատանդ վերցված հայերը ազատվում են միայն հսկայական գումարներ վճարելուց հետո: Հայերը նամակներ են ստանում, որտեղ պահանջվում է որոշակի տուրք վճարել մոջահեդներին: Նվազագույն գումարը 2 հազար դոլար է, կախված տվյալ ընտանիքի նյութական վիճակից: Պատերազմից հետո տարբեր երկրներ է տեղափոխվել 300 հայ ընտանիք: Մեծ մասը վերադարձել է Հայաստան, հաղորդում է Karabakh-online-ը` վկայակոչելով աղբյուրը Բաղդադում: