1 օգոստոսի 2013 - 15:52 AMT
Ոստիկանության ավագ տեսուչը կաշառք է պահանջել. Գործն ուղարկվեց դատարան

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ոստիկանության ավագ տեսուչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, կաշառք պահանջելու և ստանալու փաստերի առթիվ հարուցված քրեակական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Բ.Ավետիկյանը քաղաքացուց կաշառք է պահանջել` իր լիազորությունների շրջանակում Երևան քաղաքի բնակիչ Հ.Մարտիրոսյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու համար, ինչպես նաև` անցել իր լիազորությունների շրջանակը` կատարելով բռնությամբ զուգորդված գործողություններ:

Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի` Բ.Ավետիկյանը, 2013թ. մայիսի 16-ին նկատելով, որ Երևան քաղաքի Շիրակի 82/18 հասցեի տան սեփականատեր Հ.Մարտիրոսյանը տան` ազբեստյա թիթեղով ծածկված ցանկապատը վերակառուցում է քարե պատով, պարզել է, որ իրականացվող շինարարությունը կատարվում է առանց համապատասխան թույլտվության:

Նշված վարչական իրավախախտման փաստն իրեն վերապահված լիազորության շրջանակում չարձանագրելու և ըստ ենթակայության չուղարկելու համար հիշյալ տան սեփականատիրոջ հարևանի` Կ.Հարությունյանի միջոցով պահանջել է կաշառք` սկզբում հյուրասիրության, ապա նաև` գումարի տեսքով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Բ.Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: