1 օգոստոսի 2013 - 17:57 AMT
Այս կիրակի Երևանում կբացվի գյուղմթերքի չորրորդ տոնավաճառը

Օգոստոսի 4-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի վերին հատվածում կվերաբացվի գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառը:Տոնավաճառը կգործի մինչև տարեվերջ՝ միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ դեկտեմբերի վերջին տասնօրյակին կաշխատի ամենօրյա ռեժիմով:

Շուկան նախատեսված է 200 տաղավարի համար: Տոնավաճառին կարող են մասնակցել բացառապես սեփական արտադրանքը ներկայացնող սուբյեկտները՝ անվճար հիմունքներով:

Առևտրային միջնորդների միջամտությունը բացառելու նպատակով սահմանվել են հատուկ ընթացակարգեր. մասնակցության թույլտվությունը տրվում է հատուկ տեղեկանքներով՝ միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից: Տոնավաճառի մասնակիցներին Գյուղատնտեսության նախարարությունն անվճար կտրամադրի հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ:

Տոնավաճառը կգործի Գյուղատնտեսության նախարարության, քաղաքապետարանի և ոստիկանության վերահսկողության ներքո: