9 մարտի 2006 - 13:40 AMT
Մարտի 7-ին եւ 8-ին ադրբեջանական ԶՈՒ-ը բազմիցս խախտել են զինադադարը
Մարտի 7-ին եւ 8-ին գրանցվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր: Մասնավորապես, ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, մարտի 7-ին, ժամը 10:40-ին, 14:40-ին եւ 20:15-ին Իջեւանի, 12:00-15:00-ին, ընդհատումներով, Շորժայի մարտական դիրքերի ուղղությամբ կրակ է բացվել: Մարտի 8-ին, ժամը 00:10-ին, 12:20-ին, 20:50-ին եւ 21:50-ին Իջեւանի, 20:30-ին Վայքի, 21:30-ին Նոյեմբերյանի հենակետերի ուղղությամբ կրկին կրակ է արձակվել: Հիշյալ բոլոր դեպքերում հայկական կողմը չի պատասխանել, տուժածներ չկան, իսկ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իլգար Վերդիեւի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմից կրակոցներ են եղել Ղազախի շրջանի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: