«Ավատարը» կշարունակվի 3 մասով

«Ավատարը» կշարունակվի 3 մասով

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատմել է, որ իր առավել հաջողված «Ավատար» ֆիլմը կշարունակվի երեք մասով, ոչ թե երկու, ինչպես որ ավելի վաղ պլանավորվել էր: Այս մասին գրում է ScreenDaily-ն: Քեմերոնի խոսքով՝ սկսելով աշխատել շարունակության վրա, նա հասկացել է, որ տիեզերքն ու «Ավատարի» հերոսները ավելի լայն ծավալ են տալիս, քան նա ի սկզբանե պատկերացնում էր, ու երկու ֆիլմում դա տեղավորել չի ստացվի:

Երեք նոր մասերի սցենարի վրա աշխատելու համար Քեմերոնը չորս սցենարիստ է հրավիրել՝ Ամանդա Սիլվերին, Ռիկ Ջաֆուին, Շեյն Սալերնոյի ու Ջոշ Ֆրիդմանին:

Fox ընկերությունը պլանավորում է մի տաղավարում նկարահանել ֆիլմի միանգամից երեք մասերը: Նկարահանումները կսկսվեն արդեն 2014-ին: Ֆիլմի մեծ մասը նվիրվելու է Պանդորայի ստորջրյա աշխարհին, ինչի պատճառով էլ Քեմերոնը պլանավորում է կինոյի պատմությունում առաջին անգամ ստորջրյա նկարահանումներ անցկացնել՝ օգտագործելով դերասանների շարժումների հավաքագրման տեխնոլոգիան:

«Ավատարի» երկրորդ մասի պրեմիերան պլանավորված է 2016-ի դեկտեմբերին, երրորդ ու չորրորդ մասերը կթողարկվեն 2017 ու 2018-ի Սուրբ ծնունդին:

2009-ին դեկտեմբերին էկրաններ բարձրացած «Ավատարը» դարձավ կինոյի պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմը: Այն վարձույթում մոտ 2,8 մլրդ դոլար գումար հավաքեց՝ 237 մլն դոլար բյուջեի դեպքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---