2 օգոստոսի 2013 - 18:11 AMT
Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումն ընդունել է այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի Ընտրական օրենսգրքով նախագահի լիազորություններն ավարտվում են հոկտեմբերի երրորդ շաբաթվա երրորդ օրը, հետևաբար ընտրությունների անցկացման նախնական օր էր նշվում հոկտեմբերի 16-ը, սակայն այդ օրն Ադրբեջանում ոչ աշխատանքային է` նշում են Կուրբանի տոնը: Ադրբեջանում ընտրական իրավունք ունի շուրջ 5 մլն մարդ:

Նախագահի թեկնածուներից առանձնանում է 2003 թվականից գործող նախագահ Իլհամ Ալիևը. Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության հունիսի 7-ի համագումարի ժամանակ է որոշում կայացվել նրա թեկնածությունն առաջադրելու մասին: Նախագահական ընտրապայքարին մասնակցելու մտադրություն են հայտնել մի քանի այլ քաղաքական գործիչներ ևս, մոտ 16 քաղաքացիներ: Վերլուծաբանների կարծիքով, սակայն, Ալիևի գլխավոր մրցակիցն Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորող Ազգային խորհուրդի թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովն է: Ազգային խորհուրդը ձևավորվել է 2013թ. մայիսին, կառույցի կազմում են «Ազգային ճակատ, «Դասական ազգային ճակատ», «Մուսավաթ» կուսակցությունները, EL (Ժողովուրդ) շարժումը և մի շարք այլ քաղաքական ուժեր: