2 օգոստոսի 2013 - 17:06 AMT
Մահացել է Ազատ Գասպարյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Ազատ Գասպարյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:

«Կյանքից հեռացավ ազգային կինոյի երևելի վարպետներից մեկը, նշանավոր ասմունքողը, հրաշալի մարդն ու ընկերը... Ազատ Գասպարյանը օգոստոսի 13-ին դառնալու էր 70 տարեկան, պատրաստվում էինք շուքով նշել այդ հոբելյանը, Գյումրու քաղաքապետարանը նախագիծ էր պատրաստել՝ նրան Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին, օգոստոսի 13-ին նրա սեղանին էր դրվելու Լևոն Մութաֆյանի «Ազատ Գասպարյանի ֆենոմենը» գիրքը... Ավաղ, ամեն ինչ մնաց կես ճանապարհին...

Մենք չենք թաքցնում մեր արցունքները, մեր ցավը, կորստի մրմուռը: Մենք սգում ենք մեր ընկերոջ մահը, որն անհավատալի էր... Ինչպե՞ս կարելի է տեսնել կանգ առած շարժումը, կենսախնդությունը, ոգևորությունը, ինչպե՞ս կարելի է այլևս չլսել Ազատ Գասպարյանի չարենցյան ընթերցումները, ինչպե՞ս կարելի է այլևս չըմբոշխնել մոտ քսան բարբառը, որը նա մատուցում էր զարմանալի ճշգրտությամբ...

Մեծ վշտի այս պահին խոնարհելով մեր գլուխները՝ Ազատ Գասպարյանի ընտանիքին մաղթում ենք ուժ՝ դիմանալու հրաշալի անհատականության հեռացման ցավին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: