9 մարտի 2006 - 17:49 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Թուրքիայում շարունակվում են մարդու իրավունքների խախտումները
Չնայած Թուրքիան բոլոր հնարավոր ջանքերը ներդնում է մարդու իրավունքների հետ կաված իրադրությունը բարելավելու համար, սակայն դա դեռ բավական չէ, եւ այդ խնդիրները շարունակում են տեղ գրավել երկրում, որը հավակնում է ԵՄ անդամ դառնալ, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենատի ամենամյա զեկույցում: Զեկուցման մեջ նշվում է, որ Թուրքիայում մինչեւ հիմա վատթար դրության մեջ են գտնվում բանտերը, շարունակվում են մարդկանց անօրինական ձերբակալումները, ծաղկում են կաշառակերությունը, անօրինությունը, մամուլի եւ կրոնական ազատությունների սահմանափակումը: Զեկուցման մեջ նաեւ նշվում է, որ Թուրքիայում իրականացվում են բռնություններ կանանց նկատմամբ եւ նրանց իրավունքների ոտնահարում, ինչպես նաեւ անչափահասների աշխատանքի օգտագործում: Որպես քրեական հետապնդման օրինակ Պետդեպարտամենտը բերում է Օրհան Փամուկի նկատմամբ տարվող դատական գործը, գրում է թուրքական Hurriyet թերթը: Հիշեցնենք, որ Օրհան Փամուկը մեղադրվում է թուրք ժողովրդի վիրավորման մեջ: Հիշեցնենք, որ այդ ամենի առիթ էր հանդիսացել Փամուկի շվեյցարական թերթին տված հարցազրույցը, որի ժամանակ գրողը հայտարարեց, որ անցյալ դարի սկզբին Թուրքիայում սպանվել է 1.5 մլն. հայ: Հետագայում թուրքական դատարանը արդարացրեց Օրհան Փամուկին: