
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը համոզված է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո ոչ մի լավ բան չի արվել, և քաղաքային իշխանությունն իսկական պատուհաս է երևանցիների համար:
«Մինչև ընտրությունները մենք լսում էինք խոստումներ, որ տրանսպորտը չի թանկանա, բայց մի քանի ամիս հետո ականատես եղանք հակառակին: Երևանն այսպիսի անինքնուրույն քաղաքապետ չի ունեցել»,- նշեց Սուքիասյանը:
Ըստ նրա, շատ կարևոր խնդիր է նաև Երևանում վճարովի կայանատեղիները, ինչը նույնպես սխալ որոշում է եղել: Սուքիասյանը գտնում է, որ շահույթ բերող ամեն ինչ պետք է պատկանի քաղաքապետարանին, ոչ թե մասնավորին:
«Այդ կայանատեղիների գումարների 70 %-ը պատկանում է մասնավորին: Ի դեպ, մենք ունենք տեղեկություններ, որ այդ ՍՊԸ-ի ղեկավարը ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանն է: Գիտեք, այս որոշումը կանխելու համար ավելի մեծ լծակներ ունեին «Բարև Երևանն» ու ԲՀԿ-ն: Բայց ընդունվելուց հետո էլ նրանք չընդգրկվեցին «երևանցու գրպանը մտնելու ու մասնավորինը լցնելու» երևույթի դեմ»,- ավելացրերց «Առաքելության» քաղաքական խորհրդի անդամը:
Նա ընդգծեց նաև, որ ամեն տարի ծաղիկներ ցանելով, ասֆալտը պոկելով ու նորը դնելով՝ քաղաք չեն սարքում. «Երևանի կառավարումը զուտ մեր երկրի կառավարումն է: Նման լճացած ու անարդյունավետ աշխատող իշխանություն ՀՀ-ն չի ունեցել: Ու պարզ չէ, թե դեպի ուր է ուզում տանել իշխանությունը երկիրը»: