10 մարտի 2006 - 15:14 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հանդիպումը կայանալու է մարտի 20-ին Ստամբուլում
Լեռնային Ղարաբղաի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաջորդ հանդիպումը կայանալու է մարտի 20-ին Ստամբուլում, իսկ տարածաշրջանային հաջորդ այցի ժամկետը կախված կլինի կողմերի արտահայտած դիրքորոշումից ու պատրաստակամությունից ,ասված է հինգշաբթի ուշ երեկոյան միջնորդների խմբի տարածած հայտարարության մեջ, Վաշինգտոնի հանդիպումի ավարտից հետո:

«Կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին քայլեր ձեռնարկել` իրենց ժողովուրդներին խաղաղությանը եւ ոչ թե պատերազմին նախապատրաստելու համար: Կոչ ենք անում երկու կողմին հիմնվել արդեն մշակված սկզբունքների վրա` 2006 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Չնայած Ռամբույեի բանակցությունների արդյունքներին, Մինսկի խմբի համանախագահները շարունակում են հավատալ, որ մի շարք նախապայմաններ 2006 թվականը բարենպաստ են դարձնում էական առաջընթացի համար եւ կոչ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին ջանքեր գործադրել` այդ արդյունքներին հասնելու համար», - ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղհայտարարության մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: