10 մարտի 2006 - 15:30 AMT
Ադրբեջանը Եվրախորհրդի առջեւ ստանձնած 21 պարտավորություններից կատարել է միայն 4-ը
Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը(ԽԺԻ) «Մտքի գործարան» նախագծի շրջանականերում հրապարակել է Եվրախորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման դիտարկման արդյունքները: Ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի խոսքերով, դիտարկումը իրականացվել է Ադրբեջանում Ֆինլանդիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ: «Մտնելով Եվրախորհուրդ` Ադրբեջանը ստանձնել է 21 պարտավորություն: Այդ կազմակերպության անդամակցության տարիների ընթացքում հանրապետությունը կատարել է միայն 4-ը: Մնացած պարտավորությունները կամ մասամբ են կատարված, կամ ձեւականորեն, կամ էլ ընդհանրապես անտեսվել են»,- նշել է նա: Մասնավորապես, 10 միջազգային պայմանագրերից իշխանությունները վավերացրել է միայն 7-ը: Մարդու իրավունքների վերաբերյալ պարտավորություններից ամբողջությամբ կատարվել է միայն մեկը, եւ վերաբերում է Միջազգային կարմիր կիսալուսնի ներկայացուցիչներին պատժի կրման վայրեր այցելելու թույլտվությանը, մասամբ կամ ձեւականորեն վեցը, չեն կատարվել չորսը: «Բացի այդ, իշխանությունները ամբողջությամբ կատարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող պարտավորությունները: Իշխանությունները հրաժարավեցին հարցի կարգավորման ռազմական ճանապարհից եւ շարունակում են խաղաղ բանակցություններ վարել»,- ընդգծել է Լ. Յունուսը:

Վատ են նաեւ քաղբանտարկյալների հետ կապված խնդիրները: Ըստ իրավապաշտպան Էլդար Զեյնալովի, այսպես կոչված «716-ի ցուցակից» մեծ մասը բաց են թողնվել, բայց ոչ բոլորը, իսկ մյուս «107-ի ցուցակից» դեռ շարունակում են իրենց պատիժը կրել 23 մարդ: Ճիշտ է ազատ են արձակվել ԵԽ փաստաթղթերում նշված բոլոր երեք քաղբանտարկյալներ Իսկենդեր Համիդովը, Ռաղիմ Գազիեւը, Իլիակրամ Գումբատովը: «Սակայն դա չի զրկում իշխանություններին նոր քաղբանտարկյալների հայտնվելու պատասխանատվությունից»,- գտնում է նա: Ադրբեջանը չի կատարել նաեւ մյուս կարեւոր պահանջը` հանրային հեռուստաընկերության ստեղծումը: Փորձագետները նաեւ նշել են մամուլի եւ եւ խոսքի ազատությունը ապահովող պարտավորթյունների կատարման բացակայությունը, հայտնում է «Զերկալոն»: