10 մարտի 2006 - 17:53 AMT
Առանց ղարաբաղյան կողմի մասնակցության ընդունված որեւէ համաձայնագիր պարտադիր չի լինի Ղարաբաղի ժողովրդի համար
ԱՄՆ-ում, Վորսերթի պետական համալսրանի `Մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնում կայացել են 2005-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քննարկումները: Բազմամարդ լսարանի առջեւ զեկույցներով հանդես են եկել ամերիկյան պրոֆեսորներ Հենրի Թերոուլթը, Լեոնտինա Օրմելը, Դենիել Շարտինը, ինչպես նաեւ «Հելսինկյան նախաձեռնություն 92» ղարաբաղյան ՀԿ-ի համակարգող Կարեն Օհանջանյանն ու «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրանիկ Կասպարյանը:
Ելույթ ունեցողները նշել են անցած ընտրությունների նշանակությունը երկրի ժողովրդավարացման գործում եւ քննարկել ղարաբաղյան հակամարտության տրանսֆորմացիայի հեռանկարները: Իր ելույթում Կարեն Օհանջանյանը նշել է, որ ցանկացած երկրում քաղաքացիական հասարակության մակարդակը եւ ընտրությունները կախված են դրանից, թե ինչ արժեքներ են այնտեղ հռչակվում եւ իրականացվում: Նա նաեւ ընդգծել է ԼՂՀ իշխանություններին` բանակցային գործընթացում ներգրավելու անհրաժեշտությունը, քանի որ առանց Ղարաբաղի ընտրված իշխանությունների մասնակցության ընդունված համաձայնագիրը պարտադիր չի լինի Ղաարբաղի ժողովրդի համար: Եւ եթե մենք խոսում ենք ժողովրդավարության գլոբալ հաղթանակի մասին, ասել է ղարաբաղյան իրավապաշտպանը, ապա միջազգային հանրությունը պետք է մասնակցի ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորմանը: ԼՂՀ «երրորդ» սեկտորին պետք է ֆինանսներ եւ մեթոդոլոգիական օգնություն ցուցաբերվի, որպեսզի ղարաբաղյան հասարակությունը ներգրավվի գլոբալ գործընթացների մեջ` ահաբեկչության դեմ պայքարի, միջուկայնի զենքի չտարածման, թմրանյութերի եւ մարդկանց տրաֆիկինգի: Ղարաբաղի հասարակությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել համաշխարհային քաղաքակրթության պաշառներից, որոնք ուղղված են ժողովրդավարության զարգացմանը, միջավայրի պահպանմանը, աղքատության հետ պայքարին, խաղաղութայն պահպանմանը` ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում, հայտնում է Karabakh-online-ը: