Բաց դռների օր ՎիվաՍել-ՄՏՍ-ում` համալսարանների բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար

Բաց դռների օր ՎիվաՍել-ՄՏՍ-ում` համալսարանների բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար ՎիվաՍել-ՄՏՍ-ում կազմակերպվել էր բաց դռների օր: ՎիվաՍել-ՄՏՍ այցելած՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի և «Գլաձոր» համալսարանի 18 ուսանող ներգրավված են «Integrity Action International» միջազգային ՀԿ-ի և «Իրավաբանական ալյանս» ՍՊԸ կողմից իրականացվող բուհական պրակտիկայի հատուկ ծրագրում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ստացել ծանոթանալ ընկերության կառավարման և նորարարությունների խթանման մշակույթին, ինչպես նաև Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կողմից շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին:

Ըստ Ռալֆ Յիրիկյանի՝ ընկերության հաջողությունները պայմանավորված են աշխատակիցների միջև ձևավորված հարգալից հարաբերություններով, նորարարությունների խթանմանն ուղղված համակարգային մոտեցումներով և, ինչն առավել կարևոր է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որդեգրած կորպորատիվ պատասխանատվության սկզբունքներով: Աշխատակիցները, Ռալֆ Յիրիկյանի կարծիքով, ընկերության հիմնասյուներն են: Գլխավոր տնօրենը համոզված է, որ գործատու-աշխատակից արդյունավետ փոխհարաբերությունները, համապատասխան ընթացակարգերն ու կանոնակարգերը, ինչպես նաև փոխհատուցման համակարգը պետք է մշտապես գտնվեն ղեկավարի ուշադրության կենտրոնում:

«Ընկերության ամենամեծ արժեքն աշխատակիցներն են: Այստեղ գործում է փոխհարաբերությունների քաղաքակիրթ մոդել: Աշխատանքային հարաբերությունների հիմքում կարևոր տեղ են զբաղեցնում մարդու հիմնարար իրավունքներն ու բարոյականության սկզբունքները, որոնցով և պայմանավորված է մեր աշխատաոճը: Մարդիկ հավասար են՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից: Տարբերությունը ստանձնած պատասխանատվության չափաբաժինն է», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Ռալֆ Յիրիկյանը խոսել է նաև աշխատավայրում խրախուսման առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը նորարարության համար կարևոր նախապայման է: «Անկախ նրանից, թե կառավարման ո՞ր օղակում դուք կներգրավվեք կամ ինչպիսի՞ն կլինի կառավարման ոճը, իմացե՛ք. հարգանքն առաջնային է: Հարգանքը ելակետն է՝ առանց դրա որևէ բան կառուցելն անհնար է: Կարևորագույն խնդիրը պետք է լինի ընկերության ներսում առանցքային այնպիսի արժեքների ներդրումը, ինչպիսիք են՝ հարգանքը, պատասխանատվությունը, նվիրումը, հոգատար վերաբերմունքը գործի և միմյանց հանդեպ», - ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է նաև երկրի հեղինակությունը և ազգային ինքնագնահատականը բարձր պահելու հարցում բիզնեսի ունեցած կարևոր դերի մասին: Ապագա մասնագետների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շփումները կարևոր են այնքանով, որ երիտասարդները ծանոթանում են կառավարման պատրաստի մոդելների: Տարիների հաջողակ գործունեության ընթացքում ձեռքբերված փորձը գիտելիքի հարուստ աղբյուր է, և ընկերությունը պատրաստակամ է այն կիսելու ապագա մասնագետների հետ:

Դասախոսությանը հաջորդած շրջայցն ընկերության առանցքային վարչություններով ուսանողներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ գործընթացների թափանցիկ կառավարման համակարգի առավելություններին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---