8 օգոստոսի 2013 - 14:24 AMT
Վարչապետը հանձնարարել է Ազգային գրադարանի մուտքի մոտ թեքահարթակներ կառուցել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի Ազգային գրադարան և շրջայց կատարել շենքում: Վարչապետին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը, հետամուտ լինելով ՀՀ նախագահի հանձնարարականին, ծանոթացել է գրադարանի խնդիրներին: Մասնագետները վարչապետին ներկայացրել են շենքի ընդհանուր վիճակը, տեղեկացրել են, որ անհրաժեշտ է իրականացնել շենքի սեյսմակայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Վարչապետը հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում ներկայացնել, թե ինչ մեթոդների կիրառմամբ է հնարավոր էապես բարձրացնել շենքի սեյսմակայության մակարդակը:

Վարչապետ Սարգսյանը հանձնարարական է տվել նաև Ազգային գրադարանի շենքի մուտքերը ապահովվել թեքահարթակներով՝ այն հարմարեցնելով նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: