«Միասնական Ջավախքը» քննադատում է բռնության նոր ալիքը Վրաստանի հայ բնակչության հանդեպ

PanARMENIAN.Net - «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը մեծ վշտով եւ վրդովմունքով դատապարտում է բռնության նոր ալիքը ազգային հողի վրա Վրաստանի Գուգարաց շրջանում (Քվեմո Քրթլի): Այդ մասին ասվում է «Միասնական Ջավախք» դաշինքի հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ «մարտի 9-ի երեկոյան Ծալկա քաղաքաի վրացական ծագումով շուրջ 15 ծայրահեղականներ կատարել են ցուցադրական ավազակային հարձակում Ղուշչի հայկական գյուղի բնակիչների վրա, որի արդյունքում գազանաբար սպանվել է 23-ամյա Գեւորգ Գեւորգյանը, իսկ նրա երկու համագյուղացիներ` Վ.Սահակյանը եւ Կ.Բալոյանը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ եւ հոսպիտալացվել են: Հարձակվողները, իրավապահ մարմինների լիակատար անգործության եւ թողտվության պայմաններում անարգել լքել են հանցագործության վայրը: Շրջանային ղեկավարությունը, ծայրահեղականների ձերբակալելու համար անհետաձգելի օպերտաիվ միջոցառումներ անցկացնելու փոխարեն, կարգադրել է հատուկ նշանակության ուժերին փակել քաղաքը հարեւան հայկական գյուղերի հետ կապող բոլոր ճանապարհները: Նման ուժային մեթոդներով շրջանային ղեկավարությունը ցանկանում էր ճնշել հայ բնակչության սեփական քաղաքացիական իրավունքները պաշտպանելու կամքը, քաղաքակրթված ձեւով իրենց հավաքական բողոքը հայտնելու եւ արդարադատության իրավունքը:



«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը, խորը ցավակցություն հայտնելով զոհված Գեւորգ Գեւորգյանի այրիին եւ հարազատներին, բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերի ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ բռնության շարունակական գործողությունները եւ սպանությունները ազգային հողի վրա տարածաշրջանի պատմականորեն ձեւավորված էթնիկ պատկերը արհեստականորեն փոխելու Վրաստանի ղեկավարության որդեգրած քաղաքական կուրսի անմիջական հետեւանքն են: Հայաբնակ տարածքները վրացիներով` Սվանեթիայի եւ Աջարիայի բարձրալեռնային գոտու բնակիչներով բնակեցումը կտրուկ խախտում է ազգմիջյան հավասարակշռությունը տարածաշրջանում եւ հրահրում է ազգամիջյան լարվածության արհեստական աճ, էթնոքաղաքական ապակայունացման նոր օջախ ստեղծելով հանրապետությունում:



«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը զսպվածության կոչ է անում տարածաշրջանի հայ բնակչությանը, եւ պահանջում է Վրաստանի իրավապահ եւ դատական մարմիններից, առաջնորդվել միայն օրենքի տառով, անկախ հարձակվողների եւ տուժածների ազգային պատկանելությունից, անաչառ կերպով ուսումասիրել հանցագործության բոլոր հանգամանքները եւ արդար դատավճիռ կայացնել»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---