13 մարտի 2006 - 12:33 AMT
ԵԱՀԿ ՄԽ. 2006 թվականի գարունը կարեւոր պահ է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում
2006 թվականի գարունը կարեւոր պահ է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Այդ մասին Բաքու ժամանելուն պես հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրասիայի հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: «Մենք կարծում ենք, որ 2006 թվականին կկարողանանք հասնել մեծ արդյունքների»,-ասել է Ս.Մաննը, հաղորդելով, որ երկօրյա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՀ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Բանակցությունների հիմնական թեման կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Բաքվում նախատեսվում են նաեւ հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ գործարարների հետ: Նշենք, որ Ս.Մաննին ուղեկցում է ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դանիել Ֆրիդը` Ադրբեջան, Վրաստան, Հայաստան եւ Թուրքիա տարածաշրջանային այցի շրջանակներում: Մարտի 14-15 ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կհանդիպի Վրաստանի պաշտոնատար անձանց հետ: Մարտի 15-16 Դ.Ֆրիդը բանակցություններ կվարի Երեւանում: Մարտի 16-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կմեկնի Անկարա, իսկ արդեն մարտի 17-ին կվերադառնա ԱՄՆ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: