13 մարտի 2006 - 13:49 AMT
Ծալկայում տեղի ունեցած հարձակումը հայերի վրա Վրաստանի սխալ ազգային քաղաքականության արդյունք է
Մարտի 11- ին Ախալքալաքի Մեսրոպ Մաշտոցի անվան հրապարակում Սամցխե- Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք` կապված երկու օր առաջ Ծալկայում 23-ամյա Գեւորգ Գեւորգյանի սպանության հետ: Հանրահավաքի մասնակիցները դատապարտեցին Ծալկայում տեղի ունեցածը նշել են, որ դա իշխանությունների վարած ոչ ճիշտ ազգային քաղաքականության անմիջական հետեւանք է: Հանրահավաքի կազմակերպիչները դատապարտելով Ծալկայում տեղի ունեցածը, միաժամանակ կոչ արեցին սադրանքների չգնալ: Վրաստանի իշխանություններին քննադատելու առումով հատկապես սուր է դրվել հայ ազգաբնակչության անվտանգության իրական երաշխիքներ տալու հարցը: Հանրահավաքի ավարտին, մասնակիցների կողմից ընդունվել է կոչ` ուղղված Վրաստանի իշխանություններին, վիրահայությանը եւ միջազգային հասարակությանը:

«Քննելով ընդհանրապես վերջին ամիսներին Վրաստանի հայաբնակ շրջաններում եւ մասնավորապես մարտի 9-ին Ծալկայում հակահայկական սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ ցուցաբերելով մեր մտահոգությունը հայ ազգաբնակչության անվտանգության եւ երկրում կայունության պահպանման կապակցությամբ, կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին. դադարեցնել ազգամիջյան լարվածության միջոցով ճնշում գործադրելու քաղաքականությունը, դադարեցնել այլազգիներին հայաբնակ շրջաններում վերաբնակեցումը, ինչը ազգամիջյան լարվածության պատճառ է հանդիսանում, հավատարիմ մնալ երկրում ժողովրդավարություն հաստատելու իրենց սկզբնական ծրագրերին, եւ ժողովրդավարական ձեւով լուծել Ջավախքում առկա խնդիրները, երաշխավորել հայության իրական անվտանգությունը, մինչեւ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, վերանայել Վրաստանի պետական լեզվի մասին օրենքը այն նկատառումով, որ հայերենը վրացերենի հետ միասին Սամցխե-Ջավախքում ընդունվի որպես պետական լեզու»,-ասվում է հայտարարության մեջ: Միաժամանակ հեղինակները կոչ են անում Վրաստանի ազգություններին, «գիտակցել, որ ազգամիջյան լարվածությունը ոչ մեկին չի կարող օգուտ բերել. ազգամիջյան բախումների դեպքում կկորցնեն բոլորը»: Կոչւ ուղղվում է նաեւ Եվրոպային եւ միջազգային համայնքին` թույլ չտալ, որ Վրաստանում ոտնակոխ լինեն ժողովրդավարությունն ու մարդկային եւ քաղաքացիական իրավունքները: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, հանրահավաքից հետո, որոշ երիտասարդներ շարժվել են Ախալքալաքի շրջանային դատարան եւ Թբիլիսիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղ: Երթի հիմնական պատճառը մասնակիցները կապել են ազգությամբ հայ դատավորների աշխատանքից ազատելու, ինչպես նաեւ համալսարանի մասնաճյուղում հայ երիտասարդների չընդունելու փաստի հետ: Կատարվածի կապակցությամբ, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանայանը նշում է, որ հանրահավաքի կազմակերպիչների կողմից երթ` դեպի դատարան եւ համալսարան չի ծրագրվել, հետեւաբար, համալսարանում եւ դատարանում տեղի ունեցածը խորհրդի եւ հանարհավաքի կազմակերպիչների հետ որեւէ կապ չունի: