The Washington Post.. Ղարաբաղը հիշեցնում է Առաջին աշխարհամարտի ժամանակների Ֆլանդրիան

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական ազդեցությունը ուժեղանում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ստվերում»,-ասվում է «Վաշինգտոն պոստ» թերթում հրատարակված «Ռուսաստանի ստվերային կայսրությունը» հոդվածում, որի հեղինակներն են Իսպանիայի նախկին արտգործնախարար Աննա Պալասիոն եւ ԱՄՆ Մարշալի հիմնադրամի գերմանական բաժնի խորհրդատու Դանիել Տվայնինգը: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, «երկու երկրների բանակները, որոնք 1990-ականներին արյունահեղ պատերազմ էին հղում այդ վիճարկելի անկլավի համար, այժմ կրակում են միմյանց ուղղությամբ չեզոք գոտու երկու կողմերում գտնվող խրամատներից: Դա ավելի շատ հիշեցնում է Առաջին աշխարհամարտի ժամանակների Ֆլանդրիան, քան ժամանակակից եվրոպական հարեւանների: «Դժվարությամբ սառեցված հակամարտությունը սպառնում է կատաղի պատերազմով, որը կարող է ամայացնել այդ տարածաշրջանը»: Մյուս կողմից, նշում են հոդվածի հեղինակները, հենց Լեռնային Ղարաբաղի հարցում դիվանագիտական ճեղքումը շատ իրատեսական է: «Արեւմտյան կառավարությունները կարող են աջակցել մի համաձայնության, ըստ որի Հայաստանը կվերադարձներ Ադրբեջանին գրավյալ տարածքները եւ թույլ կտար ադրբեջանցի փախստականներին վերադառնալ այդ տարածքներ: Լեռնային Ղարաբաղը կարող է ինքնավար մնալ մինչեւ, որ որոշվեր նրա կարգավիճակը հանրաքվերով` մոտ ապագայում: Ադրբեջանի կողմից այդ հակամարտությանը վերջ դնելու համագործակցության դիմաց Արեւմուտքը պետք է գնա մերձեցման այդ երկրի հետ, որն ընթանում է բարեփոխումների ճանապարհով եւ կասեցնի պատժամիջոցների կիրառումը, որոնք կիրառվում են նրա հանդեպ 1991-1994 թվականների պատերազմի պատճառով: Արեւմուտքը պետք է նաեւ պահանջի փակել ռուսական ռազմակայանները Հայաստանի տարածքում, որոնք սպառնում են Ադրբեջանին, առաջարկի ինքնատիպ «Մարշալի պլան» ողջ Հարավային Կովկասի համար եւ ուղորդի այդ երկրներին դեպի միասնական Եվրոպա տանող ճանապարհին»,-գրում են հոդվածի հեղինակները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---