
Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գործով դատական քննությունը: Այսօրվա նիստին մեղադրյալ Տիգրան Առաքելյանը ներկայացավ դատավորի համար բերված ծաղիկներով: Եվա Դարբինյանը չընդունեց նվերը:
Նիստի ընթացքում ցուցմունքներ տվեցին գործով վկաներ Հայկ Գևորգյանը, Վահագն Գևորգյանը և Անի Գևորգյանը: Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց դատարան հրավիրել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նաև ուսումնասիրել 2011-ի օգոստոսի 9-ի դեպքից հետո նրա մամուլի ասուլիսի սկավառակը, քանի որ Ալիկ Սարգսյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե խոսել է դեպքի ժամանակ տուժած ոստիկանի հետ, իսկ ոստիկանը դատարանում հայտարարել էր, թե դեպքից հետո նախկին ոստիկանապետի հետ չի հանդիպել:
«Ալիկ Սարգսյանը դեպքի վայրում եղե՞լ է», - հարցրեց դատավորը, իսկ հարցին հետևեցին դահլիճի ծափահարությունները: Պաշտպանական կողմը բողոքին կից ներկայացրել է սղագրությունը՝ «Ալիկ Սերգեյիչի վկայություն» վերտառությամբ, որը կուսումնասիրվի, իսկ Ալիկ Սարգսյանին որպես վկա դատարան հրավիրելու միջնորդության մասը առայժմ հետաձգվեց, բայց չմերժվեց:
Պաշտպանական կողմի երկրորդ միջնորդությունը Տիգրան Առաքելյանի`արդեն ճիշտ 2 տարի կալանքի տակ գտնվելու անհիմն լինելու մասին էր` վերջնական դատական ակտ չլինելու հիմնավորմամբ: Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ քննությունից թաքնվելու դեպքում շահ չունի և խնդրեց բավարարել կալանքը փոխելու մասին միջնորդությունը: Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է:
Իսկ դատարանի բակում ՀԱԿ ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել` Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու պահանջով:
PanARMENIAN.Net-ը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանը, քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների ներկայացված բողոքը մասնակի բավարարվել էր` գործն ուղարկելով Վերաքննիչ դատարան` նոր քննության: Որոշման հիմքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական նորմերի խախտումներն են եղել:
Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012թ. նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Այսպիսով դատարանը օրինական ուժի մեջ էր թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ: