13 մարտի 2006 - 15:23 AMT
«Եվրատեսիլին» ուղղված նամակը Ղարաբաղի դեմ Բաքվի հետեւողական պայքարի մի օղակն է
Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության հայտարարությունը հասցեագրված «Եվրատեսիլի» կազմկոմիտեին, առաջին հայացքից անիմաստ է թվում, սակայն իրականում դա հետեւողական պայքարի մի օղակն է, որն Ադրբեջանը բոլոր մակարդակների վրա մղում է ԼՂՀ դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է միջազգային իրավունքի գծով փորձագետ, քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, հայտարարությունն ինքնին ապատեղեկատվություն է պարունակում մարտական գոտին լքած ադրբեջանցիների քանակի, ինչպես նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքների առումով: «Կառչելով երիտասարդ երգչի կենսագրական տվյալներից, որն իրոք ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ադրբեջանցի քարոզիչները առիթը բաց չթողեցին ավելորդ անգամ ԼՂՀ-ն ագրեսորի կերպարով ներկայցնելու համար»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ, փորձագետը մատնանշել է հայտարարության տեքստի երկու հակասություն: «Առաջին անհամապատասխանություն` նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում Ադրբեջանի հանրապետության տարածքը ոչ ոք եւ ոչ մի տեղ չի ճանաչել: Եվ երկրորդը` տարածքային ամբողջականության սկզբունքը, որն այդքան սիրում են մեջբերել Բաքվում, միջազգային իրավունքի պաշտոնական իերարխիայում, ինչպես բոլոր մյուս սկզբունքները ունի զուտ խորհրդատվական բնույթ, եւ ոչ մի դեպքում չի կարող ընկալվել որպես գերակայող միջազգային իրավունքի մեկ այլ սկզբունքի հանդեպ»,-ընդգծել է Լ.Մելիք-Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը բողոքի նամակ է հղել «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչներին: Նախարարությունը, «չափազանց մտահոգված» լինելով այն փաստով, որ մրցույթի պաշտոնական կայքի վրա Հայաստանը ներկայացնող երգիչ Անդրեի կենսագրական տվյալներում նշված է, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, նամակ է հղել մրցույթի կազմակերպիչներին: Նամակում ասվում է, որ այդ փաստը կարելի է գնահատել որպես անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ որպես սադրանք, եւ կարելի է մեկնաբանել որպես աջակցություն Հայաստանի ագրեսիվ քաղաքականությանը մրցույթի կազմակերպիչների կողմից»,-նշվում է ԱՀ մշակույթի նախարարության հայտարարության մեջ: