
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներն այսօր երթ են կազմակերպել` Ազատության հրապարակից դեպի Երևանի քաղաքապետարան: Այստեղ արդեն 2-րդ շաբաթն է, ինչ երեք երիտասարդ անժամկետ նստացույց են հայտարարել:
Երթի մասնակիցներն անցորդներին կոչ էին անում միանալ իրենց: «Երեքից մեկն էլ ես եմ» գրությամբ պաստառներով ակտիվիտները հասել են Երևանի քաղաքապետարանի դիմաց և սկսել վանկարկել «Տարո՛ն, նայի` 3 չի: Մենք ենք տերը մեր երկրի: Մեկ երկու երեք, երեք երեք, երեք»: Երիտասարդներն այս կերպ փորձում են ցույց տալ, որ նստացույց անողների`Միսակ Համբարձումյանի և Հենրիկ Նավասարդյանի պաշտոնանկության պահանջը, ինչպես քաղաքապետն է նշել, «երեքի պահանջ» չէ:
Ակցիայի ժամանակ քաղաքապետարանի շենքի դիմացի խոտածածկի ոռոգման համակարգը միացված էր: Ակտիվիստներին միացած ազատամարիկներից Խաչատուր Խաչատրյանն ասել է, որ եթե ինքը քաղաքապետ լիներ, որպես գյուղատնտես, աշխատանքից կազատեր նրան, ով շենքի հարակից տարածքի խոտածածկն այդքան ջրում և փչացնում է: