ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է անում ուշադրություն դարձնել երիտասարդության միգրացիային

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է անում ուշադրություն դարձնել երիտասարդության միգրացիային

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է. «Այս տարվա Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնակատարության ուշագրավ հարցը երիտասարդության միգրացիան է: Տարեկան ընդհանուր մոտ 214 մլն միջազգային միգրանտների ավելի քան 10 տոկոսը կազմում են երիտասարդները, սակայն դեռևս շատ քիչ բան է հայտնի նրանց անցած դժվարությունների և ապրումների մասին:

Երիտասարդների միգրացիայի պատճառները բազմաթիվ են: Ոմանք խույս են տալիս հալածանքներից, մյուսները փախչում են տնտեսական դժվարություններից: Ոմանք հեռանում են միայնակ, մյուսները ընտանիքի՝ ծնողների, քույր-եղբայրների և նույնիսկ իրենց երեխաների հետ: Ոմանք ունեն համայնքներ, որոնց կարող են միանալ, մյուսները ստիպված են նոր կապեր հաստատել: Ճանապարհին և իրենց վերջնական նշանակակետերում, շատ երիտասարդ միգրանտներ հանդիպում են նախկինին հավասար կամ ավելի մեծ դժվարությունների, այդ թվում՝ ռասիզմի, քսենոֆոբիայի, խտրականության և մարդու իրավունքների ոտնահարման: Մասնավորապես, երիտասարդ կանայք ենթարկվում են սեռական շահագործման և բռնության:

Աղքատությունը, բազմամարդ ու ոչ սանիտարահիգիենիկ պայմանները և արժանապատիվ աշխատանք գտնելու մարտահրավերները դարձել են միգրանտների կյանքի սովորական բնորոշիչները: Այս մարտահրավերները սրվում են ներկայիս համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Հաճախ համայնքները և քաղաքական գործիչները մեղադրում են միգրանտներին տեղացիներին աշխատանքից զրկելու մեջ՝ ենթարկելով նրանց էլ ավելի մեծ խտրականության ռիսկի: Այլ դեպքերում, գաղթող ծնողների կողմից լքված երիտասարդները բախվում են հոգեբանական և սոցիալական խնդիրների և էլ ավելի մեծ խոցելիության:

Հատկանշական է երիտասարդ միգրանտների ունեցած դրական ներդրումը այն հասարակությունների տնտեսական, սոցիալական ու մշակութային ոլորտների հարստացման վրա, որտեղից նրանք սերում են, որտեղ հայտնվում են կյանքի բերումով և որտեղ ի վերջո հանգրվանում են: Շատերը ծանր աշխատանք են կատարում ապրուստ վաստակելու և իրենց կենսապայմանները բարելավելու համար: Իրենց հարազատ երկրներում ապրող ընտանիքներին աջակցելու համար նրանց կատարած դրամական փոխանցումները խթանում են տնտեսության զարգացմանը ողջ աշխարհում: Երիտասարդ միգրանտները, վերադառնալով տուն, հաճախ նպաստում են զարգացմանը` կիրառելով արտասահմանում ձեռք բերած հմտություններն ու գաղափարները: Եվ շատ դեպքերում կանայք միգրացիայի շնորհիվ հզորություն են ձեռք բերում՝ ստանալով ֆինանսական և սոցիալական անկախություն:

Հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում կկայանա երկրորդ բարձր մակարդակի երխոսությունը միջազգային միգրացիայի և զարգացման հարցերի շուրջ: Կոչ եմ անում անդամ պետություններին ուշադրություն դարձնել երիտասարդության միգրացիային: Երիտասարդների հետ և նրանց համար աշխատելը իմ գլխավոր առաջնահերթություններից է: Երիտասարդության այս միջազգային օրը ես քաջալերում եմ անդամ պետություններին, երիտասարդական կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերի գործել՝ նպաստելու բոլոր երիտասարդ միգրանտների իրավունքների պաշտպանությանը և առավելագույնին հասցնել երիտասարդական միգրացիայի զարգացման ներուժը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---