12 օգոստոսի 2013 - 12:06 AMT
Ռոբերտ Արզումանյան. «Ակտոբեն» կարող է պայքարել «Դինամոյի» հետ ԵԼ խմբային փուլ դուրս գալու համար

Ղազախստանի «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պատմել է Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆի փուլում իրենց մրցակցի` Կիևի «Դինամոյի» մասին: Ըստ ֆուտբոլիստի, նրանք արդեն վերականգնվել են «Բրեյդբալիկի» հետ խաղից հետո:

«Այդ խաղը ծանր ստացվեց, սակայն մենք բոլորս արդեն մոռացել ենք այն ու պատրաստվում ենք հաջորդին: Այս փուլում արդեն բոլոր թիմերն ավելի ուժեղ են ու ժամանակն է, որ ցույց տանք մեզ և փորձենք մեր ուժերը»,-Արզումանյանի խոսքն է մեջբերում vesti.kz-ն:

Արզումանյանը նաև վստահ է, որ իր թիմն ի զորու է պայքարել «Դինամոյի» հետ Եվրոպայի Լիգայի խմբային փուլ դուրս գալու համար:

Առաջին խաղը տեղի կունենա Ղազախստանում օգոստոսի 22-ին, իսկ 29-ին թիմերը կհանդիպեն Ուկրաինայի մայրաքաղաքում:

ՈւԵՖԱ-ի որոշմամբ «Դինամոն» խաղը կանցկացնի առանց հանդիսատեսի: Բանն այն է, որ անցյալ տարվա Չեմպիոնների Լիգայի «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ «Դինամոյի» երկրպագուներից մեկը խաղի ժամանակ դուրս է եկել մարզադաշտ: