12 օգոստոսի 2013 - 12:43 AMT
Գինեգործական վերնիսաժ կանցկացվի Փարաքարում

«Արենի» փառատոն» հիմնադրամը, Փարաքարի գյուղապետարանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ,օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կազմակերպում են արդեն երկրորդ Գինեգործական վերնիսաժը:

Վերնիսաժին կներկայացվնեն մի շարք գործարանային և տնական արտադրության գինիներ, բազմատեսակ չրեր և հուշանվերներ Հայաստանի տարբեր մարզերից: Այս նախաձեռնությունը միտված է մեկ վայրում միավորելու մեր արժեքները, ինչպես նաև մեր հայրենակիցների ու օտարերկրյա հյուրերի համար նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծելու հետաքրքիր ժամանց ու գնումներ կատարելու համար:

Միջոցառմանը մասնակից կլինի նաև Կարին երգի–պարի ազգագրական համույթը, որի կատարողները ներկաներին իրենց պարերի մասնակից կդարձնեն, ստեղծելով բարձր, տոնական տրամադրություն:

Վերնիսաժի հաջող մեկնարկը կապահովի դրա շարունակականությունը և հնարավորություն կտա ամեն տարի նորովի և առավել ընդլայնված իրականացնել գինու՝ որպես ազգային բրենդի բազկացուցիչ մասի պրոպագանդումը: