12 օգոստոսի 2013 - 14:09 AMT
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց. «Մի հարստացեք կրթության հաշվին»

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել բուհերում ուսման վարձերի բարձրացման դեմ` վերանայման պահանջով: Ցուցարարները «Բիզնես ուսումնական հիմնարկ», «Պահանջում ենք չեղյալ համարել անմիտ ու անօրինական որոշումը», «Մի հարստացեք կրթության հաշվին» գրությամբ պաստառներով էին:

«Ոտնահարվել է անվճար կրթություն ստանալու մեր սահմանադրական իրավունքը: Ուսման վարձերը բարձրացնում են, սակայն ուսման որակը նույնն է: Պահանջում ենք չեղյալ հայտարարել ուսման վարձերը մոտ 40 տոկսով թանկացնելու որոշումը: Մենք դեռ նոր ենք սկսել մեր պայքարը և պայքարելու ենք մինչև վերջ», - բարձրախոսով հայտարարեցին ակցիայի մասնակիցները:

Նրանք վարչապետի հետ հանդիպում էին պահանջում` իրենց նախապես պատրաստած նամակը նրան հանձնելու համար, բայց Տիգրան Սարգսյանը երիտասարդներին չընդունեց: Նրանց հետ հանդիպելու իջավ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և խոստացավ պահանջը ներկայացնել վարչապետին:

Ցուցարարները պնդեցին, որ շարունակելու են բողոքի ակցիաները: