12 օգոստոսի 2013 - 14:28 AMT
Բանակում` Արցախում. Մասնակցել է շուրջ չորս տասնյակ երիտասարդ

Ավարտվել է «Հայազն» կուսակցության Արցախում կազմակերպած երկրորդ վրանային Բանակումը: Օգոստոսի 1-ին մեկնարկած բանակումին մասնակցել է շուրջ չորս տասնյակ երիտասարդ:

Առաջին օրը ճամբարականներն այցելել են Շուշի, որտեղ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը երիտասարդներին ներկայացրել է Շուշիի ազատագրման գործողությունը, պատասխանել նրանց հարցերին: Այնուհետև, ճամբարականները շարժվել են դեպի բանակավայր՝ Քաշաթաղի Խաչինտափ գյուղ: Բանակման ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ «Հայազն»-ի հետագա գործունեության, ազգային-ազատագրական և ազգային-հեղափոխական ռազմավարության ու մարտավարության շուրջ: Անցկացվել են ճամբարականների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը նպաստող միջոցառումներ:

Ճամբարականներին այցելել են վերլուծաբան Տիգրան Կյուրեղյանը, Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, Արցախյան Պատերազմի հրամանատար Արարատ Ծատուրյանը, Քաշաթաղի վարչակազմի ու Արցախի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև բազմաթիվ վերաբնակիչներ, հյուրեր արտերկրից: Օգոստոսի 7-ին բանակավայրում կազմակերպվել է հիշատակի երեկո՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի նահատակների օրվան: