12 օգոստոսի 2013 - 14:35 AMT
ԱԻՆ. Փորձարկվել է ստորջրյա հետախուզության համար նախատեսված սարք

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական բաժնից:

ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի ու ձեռնարկված միջոցառումների, ստորջրյա հետախուզության համար նախատեսված սարքի փորձարկումների մասին։ Այն դրվել է հատուկ ջրափրկարարական ջոկատի տրամադրության տակ։

Նախարարի հանձնարարությամբ` բարեկարգման ու կառուցապատման աշխատանքներ են սկսվել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (նախկին` հատուկ փրկարարական ջոկատ)։ Այնտեղ հիմնվելու է նաև ԱԻՆ ստորաբաժանումների միասնական տեխնիկական բազա։

Ա. Երիցյանի մեկ այլ հանձնարարությամբ` այսուհետ Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցներն օբյեկտներում ստուգումներ իրականացնելիս պարտադիր կրելու են ԱԻՆ համազգեստ։

Խորհրդակցության ընթացքում «ՍՊԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը հայտնել է, որ ռուս մասնագետների հետ շարունակվում են Գառնու դիտարանի նորոգման ու սարքավորումների վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Գործակալությունը նախատեսում է նաև վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար։

Անցած շաբաթ Սյունիքի մարզում անցկացվել է 4 ուսումնավարժություն` աղետների բժշկության վերապատրաստման հայ-շվեյցարական «Արձագանք. բուժմիավորումներ» ծրագրի շրջանակներում։