12 օգոստոսի 2013 - 14:45 AMT
650 երևանցի ծնողներ հանդիպել են ժամկետային զինծառայող իրենց որդիների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, օգոստոսի 9-ին ավելի քան 650 երևանցի ծնողներ մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ հանդիպելու բանակում գտնվող իրենց ժամկետային զինծառայող որդիների հետ: Երևանի քաղաքապետի արդեն ավանդական դարձող այս նախաձեռնությունը, որքան սպասված, նույնքան էլ անակնկալ էր ծնողների համար:Նրանք հնարավորություն են ստացել հենց տեղում անձամբ ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զինվորական ճաշարանում էլ, ճաշելով զինվորների հետ, նաև համոզվել, որ իրենց զավակների սննդի հարցը ևս կազմակերպված է հավուր պատշաճի:

Ծնողների այցելության առիթով բոլոր զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ և տոնական համերգներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծառայության մեջ առավել աչքի ընկած ու պարտաճանաչ զինվորներին Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր են հանձնվել: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից փոխանցվել են նվերներ: