12 օգոստոսի 2013 - 15:26 AMT
Սեյրան Օհանյանը հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբար:

Նախարարը կարևորել է բոլոր այն երիտասարդական միջոցառումները, որոնք ուղղված են երկրի ապագային և երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: «Ինձ համար միշտ մեծ պատիվ է եղել և այսօր էլ մեծ պատիվ է երիտասարդների հետ հանդիպելը: Այսպիսի միջոցառումները առաջին հերթին հնարավորություն են տալիս, որ ամառային այս ժամանակահատվածում մենք օգտվենք Հայաստանի Հանրապետության ամենագեղատեսիլ վայրերից, բնությունից, մաքուր ջրից և կարողանանք անցկացնել լիարժեք և առողջ հանգիստ»:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենասիրական դաստիարակությանը, ՀՀ պաշտպանական քաղաքականությանը, ռազմական կրթությանն ու բանակաշինությանը, ներկայացրեց ՀՀ զինված ուժերի գործունեության հիմնական խնդիրներն ու առկա մարտահրավերները:

Սեյրան Օհանյանը, շրջայց կատարելով զինվորական ձևավորում ունեցող ճամբարում, ծանոթացել է երիտասարդների առօրյային: