ՀՀ ոստիկանապետն ու Վրաստանի ՆԳ նախարարն ընդգծել են փորձի փոխանակման անհրաժեշտությունը

ՀՀ ոստիկանապետն ու Վրաստանի ՆԳ նախարարն ընդգծել են փորձի փոխանակման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետություն մեկնած ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Քննարկվել են երկու իրավապահ կառույցների համագործակցության ներկա վիճակին ու հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ:

Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է նոր թափ հաղորդվել Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության փոխգործակցությանը, պետք են գործնական քայլեր՝ համագործակցությունն ամենօրյա համատեղ աշխատանքի վերածելու համար: Ընդգծվել է երկու գերատեսչություններում ընթացող բարեփոխումների ընթացքի և արդյունքների քննարկման ու լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Որոշվել է ակտիվացնել աշխատանքը կոնկրետ ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ:

Առաջիկա օրերին Հայաստան կժամանեն Վրաստանի ՆԳ նախարարության արտաքին ծառայության, մասնավորապես՝ պարեկային ծառայության ներկայացուցիչները՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ փորձի փոխանակման: Պատվիրակությունների աշխատանքային հանդիպումից հետո տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու առանձնազրույցը:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի ՆԳ նախարարության Վաքե-Սաբուրթալիի շրջանային բաժին, որտեղ ծանոթացել են աշխատանքային պայմաններին, զինանոցին, տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպման ընթացքին:

Վրաստանի ՆԳ նախարարության «112» ծառայություն ևս այցելություն է եղել, որտեղ կենտրոնացվում է ոստիկանության ստորաբաժանումներից, հրշեջ և փրկարար ծառայություններից, բուժհաստատություններից, ինչպես և քաղաքացիներից ստացվող ողջ ինֆորմացիան՝ օրական 20-25 հազար ահազանգ

Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ոստիկանության պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել համապատասխան ոլորտների վրաց պատասխանատուների հետ, քննարկվել են համագործակցության որոշակի բնագավառներ ու ծրագրեր:

Թբիլիսյան այցից հետո ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու ողեկցությամբ այցելել է Աջարիա, որտեղ հանդիպումներ են ունեցել կառավարության անդամների և իրավապահ կառույցների պատասխանատուների հետ: Օգոստոսի 11-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձել է Երևան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---