Հայ զինծառայողի «հարցազրույցը». Ադրբեջանցիներից անպետք ռեժիսորներ են ստացվում (վիդեո)

Հայ զինծառայողի «հարցազրույցը». Ադրբեջանցիներից անպետք ռեժիսորներ են ստացվում

PanARMENIAN.Net - Բեմադրելով «հակառակորդի կողմն անցած հայ զինծառայողի խոստովանությունը» ներկայացուցմը՝ ադրբեջանցի «մասնագետները», թեև առաջին անգամ չեն դա անում, չեն կարողացել որակ ապահովել: Ադրբեջանցիներին գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նախօրեին ինտերնետում հայտնված «հարցազրույցը» սպիտակ թելով է կարված: 30-վայրկյանանոց տեսահոլովակում Ինջիղուլյանի ձայնը միտումնավոր խլացված է մեկնաբանի ձայնով, սակայն մի քանի բառն անգամ բավական է, ի հայտ բերելու համար որոշ անճշտություններ, որոնք վկայում են այն մասին, որ Ինջիղուլյանը, հավանաբար, գտնվում էր առնվազն ճնշման տակ, եթե ոչ հոգեմետ միջոցների ազդեցության ներքո:

Մինչդեռ ադրբեջանական ռուսալեզու կայքերը նույնիսկ մեկնաբանի խոսքերը միանգամայն կամայական են թարգմանել ռուսերեն: Ահա իբր Ինջիղուլյանի բառերի ռուսերեն թարգմանության բովանդակությունը. «Մեր վաշտի հրամանատարը բռնի կեպրով ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի, քանի որ հոգնել էի և ասացի, որ հետո կգնամ: Ի պատասխան նա կոպիտ ձևով ասաց ինձ, թե, տեսնենք ոնց չես գնա ու խփեց աչքիս: Արդյունքում, չտանելով վիրավորանքներն ու նվաստացումները, ես կամավոր անցա ադրբեջանական կողմը»: Սակայն «Ես կամավոր անցա ադրբեջանական կողմը» արտահայտությունը տեսահոլովակում բացակայում է: Ավելին, Ինջիղուլյանի հայերեն ասված խոսքերը ընդհատվում են «ես գնացի ջրի» արտահայտության վրա: Դատելով այս ամենից, «ռուսերեն թարգմանությունը» նախատեսված է հայկական լսարանի համար, սակայն Բաքվում մոռանում են, որ հայերի թվում քիչ չեն ադրբեջաներենին տիրապետող մարդիկ:

Ի դեպ, ուշագրավ է Ինջիղուլյանի խոսքի այն հատվածը, երբ նա ասում է «երեկոյան ժամը 7-ին», այն դեպքում, երբ հայտնի է, որ նա հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում գիշերվա ժամը 3-ին: Հազիվ թե, որոշելով անցնել ադրբեջանցիների կողմը, նա 8 ժամ ինչ-որ տեղ զբոսնել է, առավել ևս գիշերվա կեսին: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ ադրբեջանցիները խոսում են երեկոյան ժամը 11-ի մասին, միևնույն է մնում է «անհայտ» 4 ժամ:

Եվս մեկ պահ: Հակոբ Ինջիղուլյանը ակնոց է կրում, առանց ակնոցների նա բավականին վատ է տեսնում: Մինչդեռ, «հարցազրույցի» ժամանակ նա ակնոց չի կրում: Արդյո՞ք նպատակն այն չէ, որ ընդգծվի արյան զեղումը, որն, իբր, «հրամանատարի հարվածի» հետևանք է: Վերջին տարիներին Հայաստանի ԶՈւ շարքերում հրամանատարների կողմից բռնի ուժին դիմելու հարցերը շատ խիստ են դրված: Զինվորի վրա ձեռք բարձրացրած հրամանատարի դեմ քրեական գործ է հարուցվում: Եվ ակնհայտ է, որ Ինջիղուլյանի հրամանատարը գիտեր այդ մասին և հազիվ թե ռիսկի դիմեր, հարվածելով զինվորի դեմքին: Հազիվ թե ինչ-որ մեկը հավատա, որ ադրբեջանական կողմը կհրաժարվեր իրենց ձեռքն ընկած զինվորին գեթ մեկ անգամ հարվածելու «հաճույքից»:

Բացի այդ, «հարցազրույցի» ժամանակ Հակոբը իրեն բավականին տարօրինակ է պահում: Անընդհատ շարժվում է, իր տեղը չի գտնում, նյարդայնանում է: Մի խոսքով, միանգամային նման չէ մի մարդու, որը գիտակցաբար է անցել ադրբեջանցիների կողմը: Այստեղ պետք է իրենց խոսքն ասեն փորձագետները, որոնք պետք է պարզեն, թե հատկապես ինչ միջոցներ են օգտագործվել, ստիպելու համար զինվորին ասել այն, ինչ նրանց հարկավոր է:

Այստեղ պետք է նշել, որ սա առաջին նման ադրբեջանական ներկայացումը չէ: 2010թ. սեպտեմբերի 11-ին հայ հովիվ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը, 1990թ. ծնված, գերի ընկավ ադրբեջանցիներին, որտեղ նրան շտապեցին «դիվերսանտ» անվանել: Մի քանի օր անց ինտերնետում հայտնվեց նրա հետ տեսագրված «հարցազրույցը», նույն ANS հեռուստաալիքի նկարահանած: Տեսանյութի մասնագիտական փորձաքննությունից հետո ակնհայտ դարձավ, որ այն նկարահանվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ներքո ու հատուկ միջոցների կիրառմամբ:

Հոկտեմբերի լույս 5-ի գիշերը Մանվել Սարիբեկյանն իբր ինքնասպան եղավ: Պատահարի վայրի զննությունից հետո Ադրբեջանի զինդատախազության աշխատակիցները պարզել են, որ Սարիբեկյանը «կախվել է, պարան հյուսելով իր վերնաշապիկից ու սավանից»: Նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց Սարիբեկյանի դին: Նրա մարմնի նախնական զննության ժամանակ հայտնաբերվեցին կտտանքների հետքեր, որոնք վկայում են դաժան ու անմարդկային վերաբերմունքի մասին:

Հուսանք, որ Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված միջադեպը այլ զարգացում կունենա և նա բարեհաջող կերպով կվերադառնա Հայրենիք:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---