13 օգոստոսի 2013 - 18:44 AMT
ԿԳ նախարարը խոսել է վարձավճարների թանկացման, պետպատվերի տեղերի ավելացման ու արտոնությունների մասին

Հայաստանում գործող բուհերից վարձավճարները բարձրացվել են 5-ում: Վարձավճարներ սահմանելը բուհերի ինքնավարության շրջանակում է, այդ որոշումը կայացվել է բուհերի կողմից` հաշվի առնելով ժամանակակից նորմերով նախատեսված որակյալ և մրցունակ կրթություն ապահովելու պահանջը: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Բուհերի վարձավճարների բարձրացման խնդիրը առաջ էր եկել դեռ 4-5 տարի առաջ, ինչը մեր կողմից մշտապես կանխվել է: Սակայն կան բուհեր, որոնք այսօր լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն: Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը, այդ թվում նաև ՀՀ ԿԳ նախարարը, կարող է կողմ լինել վարձավճարների թանկացմանը, սակայն կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք հնարավոր չէ անտեսել: Ես կարծում եմ, որ բուհերը պետք է առավելագույնս թափանցիկ, հաշվետվողական լինեն իրենց բյուջեների տնօրինման և վարձավճարների ծախսման առումով: Ես կողմնակից եմ, որ ուսանողները հստակ պահանջ դնեն և իմանան, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները: Ուսանողների թվաքանակի նվազումն ու պրոֆեսորադասախոսական ու տեխնիակական աշխատակազմի ներկայիս քանակը, ինչպես նաև տեխնիկական վերազինման պահանջը տևական ժամանակ հանգեցրել են այնպիսի իրավիճակի, որ շատ բուհեր այսօր զարգացման համար ֆինանսական հնարավորություն չունեն: Այս իմաստով, ցավոք վարձավճարների բարձրացումը մի շարք բուհերում դարձել էր անխուսափելի»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:

Նա նշել է, որ պետությունը մտադիր է վերահսկել և բուհերի ինքնավարության որոշակի սահմանափակում մտցնել` առաջիկյում ընդունելով օրենք, ինչն հնարավորություն կընձեեռի սահմանել բուհերի վարձավճարների վերին շեմ: Նա ասել է, որ չհավատարմագրված բուհերը ավելի ցածր վարձաճարով կառաջնորդվեն:

«Զուգահեռաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք սոցիալական քաղաքականությանն ու կրթության մատչելիությանը: Այս ուղղությամբ հստակ քայլեր արվել են` սեպտեմբերի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները, եթե սովորում են լավ, ապա 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ կստանան: Սա մոտավորապես կվերաբերի շուրջ 2500 ուսանողի»,- նշել է նախարարը և հավելել, որ ընդլայնվել է նաև բանակից զորացրվածների կրթության իրավունքը` ավելացնելով պետպատվերի տեղերը:

Նախարարի խոսքով մշակման փուլում է գտնվում նաև ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ այդ գործընթացի համար սահմանվում են հստակ պահանջներ, այն դեպքում, երբ այժմյան օրենսդրությամբ սոցիալապես խոցելի խավերի համար բուհն ինքն է որոշում` որքան զեղչ կիրառել: «Մենք ուսանողների համար ամբողջությամբ վերանայելու ենք սոցիալական քաղաքականությունը` սահմանելով հստակ կանոններ»,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը: Գալիք տարի արդեն նախատեսվում է ավելացնել պետպատվեր տեղերի քանակն այն մասնագիտությունների համար, որոնք պետության համար գերակա ուղղություններ են: Նախարարը տեղեկացրել է նաև, որ այս տարի շուրջ 100 պետպատվերի տեղեր տեխնիակական և գյուղատնտեսական մասնագիտությունների գծով թափուր են մնացել, որոնք լրացուցիչ հատկացվել են ավեստի բուհերին: Ավելացնենք, որ Մի խումբ երիտասարդներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ ԿԳՆ վարչական շենքի մոտ /Կառավարական 3-ր տուն/՝ բուհերի ուսման վարձավճարների խնդրի հետ կապված: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է բաց քննարկում կլոր սեղանի շուրջ՝ ՀՀ ԿԳՆ-ում: Երիտասարդներն ընդունել են նախարարի առաջարկը: ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երիտասարդները ՀՀ ԿԳ նախարարին բուհերի վարձավճարների բարձրացման խնդրին վերաբերող հստակ պահանջներ և առաջարկություններ չեն ներկայացրել, հայտարարել են, որ իրենք նպատակահարմար չեն գտնում իրենց հիմնական պահանջները ներկայացնել ԿԳՆ նիստերի դահլիճում և պահանջում են, որպեսզի նախարար Ա. Աշոտյանը հանդիպման գնա շենքից դուրս, երիտասարդները հեռացել են դահլիճից: