13 օգոստոսի 2013 - 20:06 AMT
ԿԱՐԾԻՔ
Ադրբեջանցի գերին «ինքնասպանությո՞ւն գործի», թե՞․․․ ինչպե՞ս պատժել Ադրբեջանին

Հիմնավոր պատճառով ամենահակիրճ ձևակերպմամբ` Ադրբեջանը խախտում է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիան: Ինչպե՞ս պատասխանել Ադրբեջանին: Սոցիալական ցանցերում տարածված քննարկումներում կարծիքները տարբեր են: Մարդկանց մի խումբ պնդում է, որ հայկական կողմը պետք է ճիշտ նույն կերպ վարվի` ադրբեջանցի զինվորները պետք է գերի ընկեն պատառոտված ու կեղտոտ հագուստով, նրանց վրայից պիտի գարշահոտ փչի, նրանք պիտի իրենց հրամանատարի կողմից ծեծված լինեն, Հայաստանում «հարցազրույցներ տան», իսկ ավելի ուշ ադրբեջանցի գերիները պետք է «ինքնասպանություն գործեն»: Հայ զինվորի համազգեստ հագցնելու մասին խոսք լինել չի կարող. Ադրբեջանում իրենց համազգեստը նվաստացում են համարում և ճիշտ են անում, իսկ մեր զինվորի համազգեստը կրելը պատիվ է:

Ավելի հեռատեսներն ու ռազմական փորձագետները վստահ են, որ նման քայլերով մենք Ադրբեջանին չենք «ցավեցնի»: Առաջին հերթին որովհետև զինվորն Ադրբեջանում նույն արժեքը չունի, ինչ Հայաստանում: Սկսած Արցախյան ազատամարտի օրերից մինչև այսօր` ապացույցները մեկը չեն, երկուսը չեն: Իսկ գերի ընկած ադրբեջանցի զինվորներն առավել ևս արժեք չունեն. փաստ է, որ նրանք միանգամից դավաճան են որակվում ու հայրենիք վերադառնալուն պես ձերբակալվում: Օրինակ`2010թ. ապրիլի 7-ին ադրբեջանական կողմին է հանձնվել ԱՀ ԶՈւ զինծառայող, սահմանախախտ Հասանով Ռաֆիկ Ռահմանին, ում Ադրբեջանի իշխանությունները դատապարտել են 13 տարվա ազատազրկման:

Դեռ ավելին` Ադրբեջանը կօգտագործի բոլոր լծակներն իրավիճակն այնպես ներկայացնելու համար, որ հնարավորինս շատ օգուտ քաղեն: Իսկ Էլդար Սաբիրօղլուն հանգիստ շունչ կքաշի` էլ ստիպված չի լինի չունեցած երևակայությանը զոռ տալ, տանջվել, հորինել ու անհաջող, ինչպես այսօր:

Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ասում է, որ ռազմագերիների հարցում Ադրբեջանին պատժելու, միջազգային կոնվենցիաներին հետևել պարտադրելու այլ մեխանիզմներ է պետք կիրառել: 4 վիրավորի դիմաց 5 զոհը կտրուկ, բայց ճիշտ պատասխան է առաջնագծում ագրեսիվ հակառակորդին հանգստացնելու համար: Իսկ ռազմագերիների դեպքում, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի խոսքով, պատժելու միակ ճանապարհն իրավականն է:

Եվ անարդյունք ճանապարհը: Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղից հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքից հետո Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել. նրա գործով փաստաբան Արա Ղազարյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ում գործի քննությունը դեռ չի սկսվել: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ադրբեջանն այն տապալելու փորձեր է անում: Եվ դրանք ակնհայտ հաջող փորձեր են: Իսկ Բաքուն հաջողությունից ոգևորվում է, կրկնվում:

Պետությունը ոչինչ չի անում, միջազգային ատյաններում Հայաստանը կշիռ չունի, Պուտինը, հայկական լոբբին: Ոչ թե մեղավոր գտնել, այլ նոր քայլեր է պետք մտածել: Թող նավթից չլինեն, բայց եղած լծակներն ամբողջ հզորությամբ պիտի աշխատեն: Այլ տարբերակ չկա:

Անի Ավետյան / PanARMENIAN News